Այսօր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայում կազմակերպեց մեկօրյա դասընթաց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված 17 անչափահասի համար:
Դասընթացի կազմակերպման նպատակն է աջակցել և նպաստել իրավախախտում կատարած անչափահասների վերասոցիալականացմանը:
16-18 տարեկան երիտասարդները ծանոթացան կրթություն ստանալու, մասնագիտություն և աշխատանք ունենալու նոր հնարավորությունների հետ:
«Մենք ուզում ենք հետաքրքրություն առաջացնել անչափահասների մոտ և մոտիվացնել, որ ձեռք բերեն մասնագիտություն, որն իրենց հնարավորություն կտա արդար քրտինքով գումար աշխատելու, գտնելու իրենց տեղը կյանքում և կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ»,- ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանը:
«ՍԻԱՍ» ակադեմիայի փոխտնօրեն Սարգիս Բազինյանը, ներկայացնելով դասավանդվող մասնագիտությունները, նշեց, որ բոլորն էլ մեծ պահանջարկ են վայելում աշխատաշուկայում (Անվտանգության համակարգերի նախագծում, տեղադրում և սպասարկում, Տեղեկատվական արտահոսքի դեմ պայքար, Թիկնապահական գործ, Պահնորդական գործ, Փրկարարություն և այլն), իսկ լավագույն շրջանավարտներին ակադեմիան աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում:
Դասընթացի տեսական մասը ներառում էր նաև հոգեբանական զրույց և թեստ, որոնք ուղղված էին անձի ինքնաճանաչմանը:
Մասնագիտությունների ներկայացմանը և ակադեմիայի մասնագիտացված լսարաններում կազմակերպված էքսկուրսիային հաջորդեց պրակտիկ դասընթացը մարզադահլիճում: Ակադեմիայի սաները ցուցադրեցին ֆիզիկական և զինված հարձակումից պաշտպանվելու հնարքներ, որից հետո դասընթացի մասնակից անչափահասները ցուցադրեցին իրենց ֆիզիկական տվյալները՝ հաղթահարելով խոչընդոտների ուղին և մագլցելով հատուկ կահավորված պատը: Երեք լավագույնները մրցանակներ ստացան «ՍԻԱՍ» ակադեմիայի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից՝ ակադեմիայի հատուկ մարզահագուստ և ակադեմիայում մարզվելու մեկամսյա նվեր-քարտ:
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը կարևորեց անչափահաս դատապարտյալների հետ իրականացվող վերականգնողական ծրագրերը՝ Հայաստանում իրականացվող պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրերի համատեքստում:
«Վերասոցիալիզացման կարևորագույն միջոցառումներից մեկն էլ նմանատիպ ուսուցողական այցերն են, դասընթացները, ինչպես նաև՝ այցելությունները մշակութային օջախներ: Այս մեկօրյա հատուկ դասընթացը առաջին հայացքից հետաքրքրություն առաջացրեց մեր անչափահասների մոտ, և որոշներն արդեն ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Ակադեմիայում: Եթե կարողանանք այնպես անել, որ նրանցից գոնե մեկ հոգի կարողանա մասնագիտություն ձեռք բերել և զերծ մնալ հետագայում հանցագործություններ կատարելուց, կարելի է ասել, որ մեր առաքելությունը կատարված է»,- նշեց նա:
Հավելենք, որ մեկօրյա դասընթացը ՔՀԻ-ն կազմակերպել էր «ՍԻԱՍ» Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի հետ համագործակցությամբ, Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Ազատազրկման հետ չկապված պատիժների խթանումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովրդավարության հիմնադրամի կողմից: