ՊԵՏՔ Է ԵԳԻՊՏԱՆԱԼ, ՂՐՂԶԱՆԱԼ, ԹՈՒՆԻՍԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սերժ Սարգսյանի մուբարաքվելն արդեն ժամանակի հարց է»,- ՀԱԿ-ի  երեկվա հանրահավաքում  Լեւոն Տեր-Պետրոսյանի  ելույթն  ավարտվեց այս նախադասությամբ: Հայտարարվեց, որ փետրվարի 18-ից սկսած` ՀԱԿ-ը ակտիվացնում է քաղաքական պայքարը եւ սկսում հանրահավաքային պայքարի փուլ: Նշենք, որ երեկվա հանրահավաքը ՀԱԿ-ի` վերջին ամիսներին հրավիրած բոլոր հանրահավաքներից ամենամարդաշատն էր.«Գյումրին էկավ»,-հանրահավաքի մասնակիցները հպարտությամբ ու որպես  տարած փոքրիկ հաղթանակ ողջունեցին գյումրեցի վարորդների մուտքը Մատենադարան:Մաեստրո Օհան Դուրյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո հանրահավաքը ծափողջույններով  իր զորակցությունը հայտնեց Եգիպտոսի եւ  Թունիսի ազատատենչ ժողովուրդներին, որոնք իրենց իրավունքների համար պայքարը պսակեցին հաղթանակով: Առհասարակ,  արաբական գլոբալ  հեղափոխության թեման կարմիր թելի նման անցնում էր փետրվարի 18-ի  հանրահավաքում:  Մինչ այդ,  հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ  Արամ Մանուկյանն  ասաց, որ ՀԱԿ ակտիվիստները Սերժ Սարգսյանին դիմում են` «Մուբարաքվի՛, Թունիսդ քաշի՛» կարգախոսներով: Նրանից առաջ էլ Հրանտ Բագրատյանն էր ասել, որ  ստեղծել է «եգիպտանալ, ղրղզանալ, թունիսանալ» բայերը:Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կանգնած է ճակատային գծում եւ ոչ մի քայլ չի նահանջելու: Սակայն կոչ արեց, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կանգնի այդ գծի ողջ երկայնքով մեկ: Բանախոսներից Զոյա Թադեւոսյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին գրանցվել են առաջին անհրաժեշտության ապրանքների անհավանական թանկացումներ, ինչը կործանարար է 70 տոկոս  աղքատության պայմաններում ապրող մեր հայրենակիցների  համար:  Ըստ տիկին Թադեւոսյանի`  2005-2010 թվականներին միայն մասնավոր տրանսֆերտներից իշխանությունների  գրպանած գումարները կազմում են 3 միլիարդ 200 միլիոն դոլար. «Սրանք բավականին ծանրակշիռ փաստեր են, որպեսզի հայ ժողովուրդը պահանջի իրեն հարստահարողների անհապաղ հրաժարականը: Հանուն Հայաստանի Հանրապետության` հրաժարակա՛ն տվեք»,-իշխանություններին դիմեց տիկին Թադեւոսյանը: Արամ Մանուկյանն էլ  այս կապակցությամբ դիմեց «Արի տուն» ծրագիրն իրականացնող  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` ասելով.«Ավելի լավ է այդ երկու հոգուն ասա` գնան Ղարաբաղ»:Իսկ  հանրահավաքի մասնակիցներին Արամ Մանուկյանը խնդրեց. «Ժողովո՛ւրդ, մի՛ արտագաղթիր, մի՛ արտագաղթեք հարյուր հազարներով, որովհետեւ ավելի հեշտ է կազմակերպել երկու հոգու արտագաղթը»:ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՈչ պակաս չարագուշակ վիճակագրություն ներկայացրեց նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը: Բավական է միայն այն, որ մեր երկրի արտաքին պարտքի սպասարկումը  մոտեցել է Հայաստանի ռազմական բյուջեի թվերին: Ազատական Հրանտ Բագրատյանը զարմացած է, որ սոցիալիստական ուղղվածության ՀՅԴ-ն ու  պակաս լիբերալ  ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող էին նման նոր  աշխատանքային  օրենսգիրք ընդունել, որն,առանց որեւէ լուրջ հիմնավորման,աշխատողին հեռացնելու հնարավորություն է տալիս:  Բագրատյանը ժողովրդին հարցրեց. «Սա Գինեսի ռեկորդ չէ՞, ինձ բացատրե՛ք»: Պարոն Բագրատյանը տեղեկացրեց, որ ամենայն լրջությամբ դիմել է Լոնդոն` Գինեսի ռեկորդների գրասենյակ` խնդրելով իրեն պարզաբանել՝ որեւէ այլ երկրում կա՞ նման բան:Ու պատկերացնո՞ւմ եք` այնտեղից պատասխան է եկել, որ դժվար է հավատալ այդպիսի բանի:  ԿԵՂԾՎԱԾ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը   «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կոալիցիոն հուշագրի շուրջ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը որակեց իբրեւ իշխանությունը պահելու խաղիկներ:«Քոչարյանը մեզ բոլորիս հիշեցրեց, որ ինքն է միակ տղամարդը, որ հիմա էլ մեզ բոլորիս արբիտրն ու պապան է»:Մինչդեռ, նրա խոսքով,  իրական «արբիտրը» «Գույք պարտքի դիմաց»-ի տերն է: Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին  ու հանրապետականներին խորհուրդ տվեց մտածել այդ մասին, այլ ոչ թե երիտհանրապետականների միջոցով  Ռոբերտ Քոչարյանին վախեցնել հոկտեմբերի 27-ով: Ա. Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ  մեր ժողովուրդը մարտյան դեպքերը դիտում է որպես Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների համատեղ գործունեության հետեւանք:ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հիշեցրեց, որ երկու համապետական ընտրություններով փետրվարի 19-ը  նորանկախ Հայաստանի պատմության մեջ մնաց որպես կեղծված ընտրությունների օր:ԲՈՒՆՏԻ  ԳԵՇ  ԽԱՍԻԱԹԸ«Հայաստանում սոցիալական բունտ չի լինի. ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասիաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է»,-Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը  եւս բացառություն չէր օրվա թեմայից: ՀԱԿ առաջնորդի գնահատմամբ` Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրի արգելումը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների կրկնակի բարձրացումը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրումը  եւ Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթեւեկության սահմանափակումը իշխանությունների հերթական ոտնձգություններն են, որոնք  նպատակ ունեն տասնյակ հազարավոր ընտանիքների  զրկել իրենց եկամտի աղբյուրից:«Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը եւ Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան»,-ասաց Տեր-Պետրոսյանն` ընդգծելով, որ անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են, որոնք, քաղաքական անհրաժեշտությունից առավել, այսօր վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Անդրադարձ եղավ նաեւ Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին: «նւՏ ՎՏրՍՉօ» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը երկու բան է ասել, որից վերջինն, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի,  հրեշավոր է:«Մենք դեմ ենք պատերազմին,- ասում է նա եւ անմիջապես ավելացնում,- սակայն դա չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից։ Մենք պետք է պաշտպանվենք, ուրիշ ելք չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն, թե ինչպես կկորցնենք Ղարաբաղը»: Ս. Սարգսյանի այս խոսքերը  ՀԱԿ առաջնորդին հիմք են տալիս եզրակացնելու, որ  Սարգսյանը հոգու խորքում հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, եւ նրա միակ մտահոգությունն այժմ այն է, որ դա գոնե տեղի ունենա «հերոսական մարտնչումից հետո՝ լրացնելու համար հայոց բարոյական հաղթանակների անվերջանալի շարքը»:Հ.Գ. Հանրահավաքին հաջորդած երթն ավարտվեց  Հյուսիսային պողոտայում, որտեղ երիտասարդներից ոմանք ցանկանում էին նստացույց ու հացադուլ հայտարարել: Նկատենք նաեւ,որ երեկ, ի տարբերություն «Լե-վո՛ն, նախագա՛հ » վանկարկումների, ավելի շատ էին«հի-մա՛, հի-մա՛» վանկարկումները:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս