Իշխանության զարկերակի վրայից ձեռքը հեռացնելու անկարողությունը Սերժ Սարգսյանին ստիպեց գնալ սահմանադրական փոփոխությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության զարկերակի վրայից ձեռքը հեռացնելու անկարողությունը Սերժ Սարգսյանին ստիպեց գնալ սահմանադրական փոփոխությունների` այդ փափագը քողարկելով հակակշիռների մեխանիզմի կատարելագործման անվան տակ: Իշխանությունն իրականում այնքան էլ չի ստում, երբ պնդում է, որ փոփոխությունների արդյունքում ապահովվելու է կառավարման համակարգի ապակենտրոնացումը: Միաժամանակ ՀՀԿ-ն թաքցնում է, որ իրականացվում է իշխանության գերապակենտրոնացում կամ էլ ճիշտ հակառակը` գերկենտրոնացում կուսակցական քողի ներքո:

Իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը, որոնք անձնապես պատասխանատու են պետության առջև ծառացած խնդիրների համար, առաջարկվող Սահմանադրությամբ կարծես դուրս են թողնվում կառավարման համակարգից: Այս պաշտոնները թուլացված են ծայրաստիճան կերպով` հատկապես արտաքին քաղաքականության եւ երկրի պաշտպանության բնագավառներում նրանց ունեցած արարողակարգային դերակատարությամբ պայմանավորված: Թեեւ 1998թ.-ից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության միակ մտահոգությունը եղել է «ցեղասպանություն» եզրույթը հնարավորինս բարձրաձայն արտասանելը, դա չի նշանակում, որ պետք է այդ ինստիտուտը մատնել խառնաշփոթի: Իսկ կայացած պաշտպանության համակարգը գլխատելն ու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը վերացնելը ոչ միայն տրամաբանական բացատրություն չունի, այլեւ թելադրված է բացառապես Սերժ Սարգսյանի անձնական շահերով:

1998թ. Վազգեն Սարգսյանի` բանակի նկատմամբ ունեցած անվերապահ ազդեցությունը վճռական դեր խաղաց Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցում, իսկ 2000թ. վարչապետ Արամ Սարգսյանի վերահսկողությունից բանակը հանելով` Քոչարյան-Սարգսյան տանդեմը պահպանեց իշխանությունը: 2008թ. մարտի 1-ին բանակը իշխանության կողմից կիրառվեց ներքաղաքական պայքարում` լուծելով Սերժ Սարգսյանի նախագահության հարցը: Ի դեպ, ամերիկյան դիվանագիտական զեկուցագրերից մեկի համաձայն, որ 2005թ. հեղինակել է դեսպան Ջոն Էվանսը, Քոչարյանի իշխանության հենարաններից առանցքայինը Սերժ Սարգսյանն էր` բանակի վրա անվերապահ ազդեցություն ունենալու պատճառով: Ավելին` բանակի վրա ազդեցություն չունենալով է այսօր բացառվում Քոչարյանի վերադարձը, եթե այն համաձայնեցված չէ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս իշխանության իրական տիրոջ կարգավիճակով շարունակելու է ազդեցություն ունենալ բոլոր ուժային կառույցների վրա` միաժամանակ ԱԱԾ-ի ու ոստիկանության անմիջական ղեկավարությունը հարկադրված թողնելով ապագա վարչապետին: Այս պատճառով էլ բանակը նույնիսկ իրավաբանորեն չի թողնվում վարչապետի վերահսկողության տակ` անդառնալիորեն կանխելով վերջինիս` իշխանության նոր առաջնորդի վերածվելու հնարավորությունը:

Իշխանության իրական տերը լինելու Սարգսյանի ցանկության բավարարումն անցնում է պետությունը կուսակցապետության վերածելու ճանապարհով: Օրինակ՝ Խորհրդային Միությունում ցանկացած հարց քննարկվում էր ԽՄԿԿ կենտկոմի պլենումում, իսկ ընդունված որոշումը վերաբերում էր ամբողջ պետությանը:

Ուշադրություն դարձնենք ՀՀԿ-ի վերջին տարիների գործունեությանը, որը ԽՄԿԿ-ի հայաստանյան տարբերակն է: Արդ, կառավարության անդամների նշանակումը կամ ազատումը որոշվում է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերում:

Հիշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ Հովիկ Աբրահամյանը այդ պաշտոնում նշանակվեց հենց այդպիսի նիստերի ժամանակ: Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի փետրվարյան արշավանքը մեկնարկեց եւ ավարտվեց ՀՀԿ-ի նիստերում: Արդեն ավանդույթ է դարձել, որ կուսակցական նիստերից հետո մամուլի ասուլիս է տալիս ՀՀ ԱԺ փոխխոսնակը եւ «ավետում», թե ինչ որոշումներ են կայացվել: Ստացվում է, որ իշխանությունն արդեն իսկ Հայաստանում փաստացիորեն ամրագրել է կուսակցապետությունը: Եվ այս սահմանադրական փոփոխություններից հետո փաստացի իրադրությունը ձեռք է բերում իրավական կարգավիճակ: Հանրապետական մեծամասնության միաձայն որոշումները՝ առաջարկված Սերժ Սարգսյանի կողմից, մինչ այս լոկ չգրված օրենքներ էին, որոնք հրապարակումից հետո էին արժանանում իրավական ամրագրման: Այսուհետեւ ՀՀԿ-ի «կենտկոմի պլենումի» վճիռները հանդես կգան կայուն մեծամասնության անվան ներքո` ապօրինի կուսակցապետությունը սահմանադրական դարձնելով: Հատկանշական է, որ անխտիր բոլորի դժգոհությունը հարուցած 89-րդ հոդվածի «կայուն մեծամասնության» մասին դրույթից իշխանությունն այդպես էլ չհրաժարվեց:

Սերժ Սարգսյանը դա պահեց իբրեւ պահուստային տարբերակ, եթե հանկարծ ինչ-ինչ միջամտությունների արդյունքում «սիրասուն հաճախորդները» հրաժարվեն հանրապետական մեծամասնության «կայուն» կոալիցիայից:
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանում բացարձակապես անտեսված է ժամանակակից պառլամենտարիզմի միջազգային փորձը: Ոչ մի խորհրդարանական հանրապետություն չունի բացարձակ «կայուն մեծամասնության» վերաբերյալ նման անհեթեթ դրույթ, որը կարող է հավակնել ժողովրդավարության ամենամեծ խոչընդոտը լինելու պատվին: Այդ դրույթի առկայությունը փաստաթուղթը դարձնում է ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական: Ստացվում է, որ այսօրինակ փոփոխություններով ընտրում ենք արտաքնապես խորհրդարանական կառավարման համակարգ, մինչդեռ իրականում ստանում ենք նեոսովետական կարգեր: ԽՍՀՄ Սահմանադրությունը, որ հորջորջվում էր իբրեւ «ժողովուրդների, սոցիալիզմի ու հավասարության» առհավատչյա, կոմկուսի ուղղորդող եւ առաջնորդող դերի մասին 6-րդ հոդվածով ծաղր էր այնպես, ինչպես այս «ապակենտրոնացնող, մարդակենտրոն ու ժողովրդավարական» արժեքներին միտված, սակայն 89-րդ հոդվածով «կայուն մեծամասնության» բռնապետություն ապահովող Սահմանադրությունը:

Շարունակելի
Ն. Հովսեփյան

Նախորդ մասը` այստեղ:




Լրահոս