ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԻՆ ՉԸՆՏՐԵՔ
Երեկ ՀՅԴ-ի ավագանու թեկնածուները Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էին: Բնակիչների հետ հանդիպմանը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն ասաց. «Եթե ուզում եք ավելի լավ Երեւան ունենալ, ինչպես հանրապետականներն են ասում, ուրեմն պիտի ՀՀԿ-ականներին չքվեարկեք, որովհետեւ կունենաք այն, ինչ ունեք: Անցել է 4 տարի, եւ որեւէ խնդիր Երեւանում չի լուծվել ո՛չ տրանսպորտի հետ կապված, ո՛չ բնապահպանության հետ կապված: Այո՛, կոսմետիկ բաներ արել են՝ ծաղիկներ են տնկել, նստարաններ են դրել, բայց արդյոք դրանից երեւանցու կյանքը փոխվել է, եւ արդյոք երեւանցիները դրա ակնկալիքն ունեին»:
ԻՐԱՐ ՎՐԱ ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ
Ապրիլի 9-ին իր նկատմամբ կիրառված բռնության դեպքի հետ կապված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քր. օր.-ի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը)՝ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի երկրորդ գումարտակի ոստիկան Արմեն Դանիելյանի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով:

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Ապրիլի 18-ին՝ ժ. 00:30-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Դանակներով զինված 3 դիմակավորված անձինք մուտք են գործել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկու փողոցի 12 տուն, պարանով կապել տան բնակիչներ 56-ամյա Մռազ Քոչարյանին ու 55-ամյա Սեյրան Ջալիլյանին եւ ծեծի ենթարկել: Ավազակները, հափշտակելով 2,5 մլն դրամ, ոսկյա եւ արծաթյա զարդեր, դիմել են փախուստի:




Լրահոս