Սերժ Սարգսյանը խոստովանեց իր վախերը. իշխանությունը կորցնելու վտանգի առջև է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, ի վերջո, պարզաբանել է, թե ՀՀ իշխանություններն ինչու են ցանկանում փոխել գործող Սահմանադրությունը, եւ որոնք են իրենց վախերը:

Իհարկե, Սերժ Սարգսյանը ևս իր ենթականների պես փորձել է սահմանադրական փոփոխությունները որպես բարելավում ներկայացնել, իբրեւ ժողովրդավարության ավելացման մղում, սակայն իրականում նա իր խոսքում խոստովանել է, որ այս փոփոխությունները պայմանավորված են իշխանությունը կորցնելու վախով: Նախ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Հայաստանին սպառնում է լճացում: «Եթե չանենք (սահմանադրական փոփոխությունները,- Վ.Հ.) ունենալու ենք լճացում, եթե չանենք, ունենալու ենք անձակենտրոն իշխանություն: Մենք պարտադրված ենք եւ պարտավոր ենք դա անել: Պարտավոր ենք, որովհետեւ խորհրդարանական կառավարումը ենթադրում է հաշվետվողականության ավելացում, ենթադրում է թափանցիկության մեծացում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոստովանելով մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկը:

Ինչպե՞ս բացատրենք: Իրական ժողովրդավարական, ազատ եւ արդար ընտրություններով իշխանություն ձեւավորող երկրներում լճացումն ուղղակի չի լինում, քանի որ ցանկացած բացասական դրսեւորում հանգեցնում է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը: Այդ երեւույթն իր հետ բերում է թարմություն, նոր լիցք եւ հույսեր, ինչն ապահովում է երկրի զարգացումը: Լճացումը բնորոշ է տոտալիտար, ընտրությունները կեղծող եւ կոռումպացված երկրներին, որտեղ մի խումբ մարդկանց տասը կամ քսան տարի տեւած իշխանությունից հետո, երբ պետության բոլոր ռեսուրսներն արդեն մսխված են լինում, տնտեսության եւ մնացած բոլոր բնագավառներում լճացում է սկսվում: Եւ հիմա Սերժ Սարգսյանն ասում է, որ եթե չփոխենք, ապա լճացում է լինելու: Մինչդեռ առավել ազնիվ կլիներ, եթե նա խոստովաներ, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով փորձում են ստեղծել մի համակարգ, որն իրենց հնարավորություն կտա փոփոխությունների իմիտացիա անել` միաժամանակ պահպանելով իշխանությունը:

Այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների դիմելու նպատակը իշխանությունը կորցնելու վտանգները չեզոքացնելն է, Սերժ Սարգսյանը խոստովանել է նաեւ հետեւյալ պարբերությամբ. «Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ունենք: 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ երկու առաջնային մանդատները , այսինքն՝ նախագահի պաշտոնը եւ խորհրդարանը, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջեւ: Իսկ հիմա շատ ռեալ է դա»: Այսինքն՝ 2013 թվականի նախագահական ընտրություներից հետո ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա նախագահական ընտրություն կեղծելու իրենց վերջին հնարավորությունն էր, եւ որ 2018-ին իրենք որքան էլ ցանկանան, չեն կարողանա ընտրությունները կեղծել: Սերժ Սարգսյանը չի էլ նկատել, որ հասարակության հասունանալու փաստն ընդունելուց հետո առնվազն անհեթեթ է այդ երեւույթը որպես Հայաստանի սպառնալիք ներկայացնելը: Իսկ նա հենց այդպես էլ վարվել է, քանի որ վերը բերված միտքը շարունակելով՝ ասել է, թե նման պայմաններում Հայաստանին ճգնաժամ է սպառնում, եւ իրենք այդ հեռանկարը տեսնելով՝ չեն կարող քայլեր չձեռնարկել:

Այսքանից հետո այն փաստը, որ երեկ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է, որ ինքը չի խորշում հանրությանը խաբել, թերեւս կարելի է օրինաչափություն համարել: Երեկ նա հրաժարվել է նախկինում արած իր այն հայտարարությունից, որ սահմանադրական փոփոխությունների անցնելու եւ կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականի փոխելու դեպքում չի հավակնի ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոններին: Իր ապագա գործունեությանը վերաբերվող ծրագրերին  նա խոստացել է անդրադառնալ 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս