«ՀԱՅԻ ՊԵՍ ՈՉ ՈՔ ԴՀՈԼ ՉԻ ՆՎԱԳՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, դհոլահար ԷՖՈՆ նվագել սկսել է դեռ մանկուց, նրա հայրն ու  պապիկը նույնպես դհոլ են նվագել: 6 տարեկանում Էֆոյին լսել է Հենրիկ Իգիթյանը ու միանգամից վերցրել իր խմբի մեջ: Այդ տարիքում էլ Հենրիկ Իգիթյանի ու հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանի հետ Էֆոն մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` փառատոնի, որտեղ հաղթել է իր դհոլի սոլոյով: 7 տարեկանից սկսել է շրջագայել, մինչ այսօր համերգներով հանդես է գալիս տարբեր երկրների բեմերում:
Էֆոն ավարտել է Երեւանի Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի եւ շվիի բաժինները: Այնուհետեւ ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիա` սանթուրի բաժին: Դհոլի պրոֆեսիոնալ դասեր ոչ մեկից չի վերցրել: Իսկ առաջին ուսուցիչը հայրն է եղել, որը ցույց է տվել, թե ինչպես դհոլ բռնել, ճիշտ նվագել: Էֆոյի խոսքով` իրեն երբեք չեն ստիպել, որ նստի նվագի, ինքը սիրով ու մեծ ցանկությամբ է ընտրել դհոլը: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին էլ նվագել է ժողգործիքների անսամբլում Նորայր Դավթյանի գլխավորությամբ:
-Դուք համագործակցում ու շրջագայում եք շատ հայ կատարողների հետ: Կնշե՞ք մի քանիսի անունները:
-Ես միշտ պատրաստ եմ օգնել իմ ընկերներին, հարազատներին, երգիչ-երգչուհիներին, եթե իրենք իմ կարիքն ունեն: Ոչ մեկին չեմ մերժում ու ասեմ, որ այդ ամենը ֆինանսական բնույթ չի կրում: Համագործակցել եմ Քրիստինե Պեպելյանի, Սիրուշոյի, Արամեի, Սոֆի Մխեյանի ու շատ այլ կատարողների հետ: Փորձել եմ անշահախնդիր նրանց կողքին լինել, բայց կոնկրետ համագործակցություն, որը ե՛ւ ընկերական, ե՛ւ գործնական բնույթ է կրում, Արման Հովհաննիսյանի հետ է: Ես նրա հետ գնում եմ տարբեր համերգների, շրջագայությունների: Մենք 23-24 տարվա ընկերներ ենք:
-Ինչպե՞ս են այլազգիներն ընկալում դհոլը:
-Ճիշտ կլինի, եթե ասեմ, որ դուդուկը եւ դհոլը ոչ մի ազգ մեր պես չի կարող նվագել: Մենք դհոլի շատ մեծ վարպետներ ենք ունեցել, մեր դպրոցն ուրիշ է: Դհոլի հնչյունները միանշանակ լավ են ընկալվում դրսի բեմերում, մանավանդ այլազգի երաժիշտներն ահավոր ուշադիր են լսում: Դհոլը ֆոլկլոր է, այն կապված է ռիթմի հետ, աշխարհում շատ են սիրում, այն էլ հիմա, երբ կյանքի արագությունն այլ է: Ամեն ինչ կապված է ռիթմի հետ՝ թե՛ մեր սրտի աշխատանքը, թե՛ մոլորակի պտտվելը, նույնիսկ գնացքն է ռիթմով շարժվում: Հետո էլ եթե ուրիշ գործիքների պատրաստման համար մեծ գործարաններ են աշխատում, դհոլը պատրաստում են թելով, ձգում են պլաստիկն ու ամրացնում փայտին. տեսե՛ք, թե ինչ ձայն է գալիս:
-Դուք աշխատում եք միայն համերգային ծրագրերո՞վ, թե՞ նաեւ ռեստորաններում:
-Ժամանակին աշխատում էի, հիմա չեմ աշխատում, բայց կորպորատիվ խնջույքներին  մասնակցում եմ: Մեր հայ ազգը շատ քեֆչի է, ու Աստված տա` միշտ լավ առիթների եւ ուրախությունների մեջ լինի: Իսկ դհոլը ամեն խնջույքից անպակաս գործիք է:
-Գիտեմ, որ մեծ հոնորար եք պահանջում խնջույքներին մասնակցելու համար:
-Դուք հիմա ինձ ամաչեցնում եք: Հոնորարը պայմանավորված է նրանով, որ ես ինքս ինձ գնահատում եմ այդքան: Բայց շատ հարցերում ես մարդկային եմ գտնվում, եթե ինչ-որ տեղ ինձ լսել են ու շատ են ուզում տեսնել իրենց առիթին, ես այդքան էլ հոնորարին տեղ չեմ տալիս, առաջնայինը մարդկային գործոնն է:
-Լսել եմ, որ դհոլի ստուդիա եք բացել:
-Շատ անգամ են ինձ ասել, որ ցանկություն ունեն ինձ մոտ պարապելու, սովորելու, ուղղակի ես ամբողջ կյանքում չեմ սիրել, երբ տանն են պարապել: Մտքումս կար ստուդիա հիմնելը, բայց քանի որ միշտ շրջագայությունների մեջ եմ եղել, ժամանակ էլ չունեի: Հիմա արդեն իմ անվան ստուդիան բացել եմ, ինքս էլ դասավանդում եմ, ուզում եմ, որ իմ ստուդիայում լինի իմ նվագաոճը: Տարիքային սահմանափակում չկա, գալիս են նույնիսկ երեխաներ, որ դեռ ուզում են ավտո խաղալ, բայց դհոլ գործիքը շատ են սիրում: Ու եթե տեսնում եմ, որ երեխայի մեջ կա ռիթմի զգացողություն, ընդգրկում եմ նրան: Ուզում եմ, որ իմ դպրոցում լավ երաժիշտներ լինեն: Հայ ազգն արժանի է լավ երաժիշտներ ունենալու:
-Եվ վերջում՝ մի քանի անձնական հարց:
-Լավ կլինի գրե՛ք, որ այս հարցի ժամանակ հեռախոսակապն ընդհատվեց (ծիծաղում է-Ե.Ռ.):
-Համարենք, որ ես կրկին զանգեցի:
-Անձնականի մասին խոսել չեմ սիրում: Լավ, էսպես կասեմ, դեռ ամուսնացած չեմ: 

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս