Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս հանգամանքի շնորհիվ, գուցե, փոխվի մարդկանց վերաբերմունքը ազգային մշակույթի նկատմամբ. «Գուցե սա որոշ մարդկանց` հատկապես պետական այրերին, որոնք ոչ մի ուշադրություն չեն դարձնում ազգային մշակույթին, վերադարձնի այն զգացողությունը, որ մենք ունենք հզոր մշակույթ»,-նկատեց նա:
Գ. Գինոսյանի համոզմամբ այս եւ մյուս ավանդական պարերը մեր մտավորականության, մշակութային քաղաքականություն իրականացնող գործիչների կողմից ամեն կերպ պետք է օգտագործվեն եւ պրոպագանդվեն: Նրա խոսքով` ժողովրդի մի ստվար զանգված չգիտի քոչարի պարել, տեղյակ չէ պարի ծագումնաբանությունից. «Եթե մենք այս եւ մյուս ազգային, ավանդական պարերը չվերադարձնենք կենցաղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում հայտի քննարկումը մեզ ոչինչ չի տա»:
Մեր այն հարցին, թե գուցե նման քննարկումներից, դրանց տված արդյունքներից հետո Ադրբեջանը վերջապես դադարի հայտարարել, թե քոչարին իրենց ազգային պարն է, Գ. Գինոսյանը պատասխանեց. «Մի ժամանակ Ադրբեջանը տեսանյութեր էր տարածել, որտեղ ներակայացնելով «պլաստմասե քոչարի»` դպրոցական տարիքի երեխաների շուրթերով փորձում էր վստահեցնել, թե իբր քոչարին իրենց ազգային պարերից է: Եթե նույնիսկ վերոնշյալ քննարկումները դրական եւ վերջնական արդյունք տան, Ադրբեջանն էլի մեզ հանգիստ չի թողնի, այդ ժամանակ նա մեկ ուրիշ վայնասուն կբարձրացնի, կարող է, օրինակ, ասել, թե Արցախը Ադրբեջանինն է, ուստի Ադրբեջանի տարածքում պարել են նման պար: Այդպես է` մշակույթ չունեցող ազգերը կառչում են ուրիշներից խլված մշակույթից: Այս քննարկումներով ամեն ինչ սկսվում է, ոչ թե ավարտվում»:
Նշենք, որ հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների եւ ՀՀ պատվիրակության անդամների միջեւ ծավալված քննարկումների արդյունքում կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսեւորում, տարածված է Հայաստանում եւ սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը:
Աննա Բաբաջանյան