Թուրքական գյուղմթերքը 3-րդ երկրով ՀՀ կմտնի՞. ինչ լուծումներ են առաջարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Թուրքիան Ռուսաստանի համար կարեւոր տնտեսական գործընկեր էր, որտեղից հսկայական քանակությամբ գյուղմթերք էր ներմուծվում ՌԴ: Վերջին օրերին Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերքների ներմուծման արգելքը կամ սահմանափակումը հայկական կողմին արտահանման ծավալների ավելացման հնարավորություն է տալիս: Սակայն արդյոք Հայաստանն ունի հնարավորություն գյուղմթերք արտահանելու ռուսական շուկա: «Ժողովուրդ»-ը այս հարցերի շուրջ զրուցեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, վերջին օրերին ՌԴ-ն ամեն կերպ արգելափակում է թուրքական ապրանքների, այդ թվում նաեւ գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա: Ստեղծված իրավիճակում ՀՀ-ն ո՞ր տեսակի գյուղմթերքի ավելցուկ ունի, որը կարող է արտահանել դեպի ՌԴ:

-ՌԴ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցների պայմաններում լրացուցիչ հնարավորություն է ստեղծվում մեր արտահանողների համար: Մեր ներուժը շատ մեծ է: Այսինքն՝ մենք լուրջ հնարավորություն ունենք եռապատկելու, քառապատկելու արտահանումների ծավալները: Այս տարի խաղողի, կարտոֆիլի, խնձորի բավականին լուրջ քանակություն կա: Դրանց մի մասը սառնարանային պայմաններում, պահեստներում են պահպանվել: Մենք խաղողի, կարտոֆիլի, խնձորի լուրջ քանակություն կարող ենք արտահանել դեպի ՌԴ: Նախորդ տարի երկրից շուրջ 29 տոննա խնձոր է արտահանվել, իսկ այս տարի այն արդեն մոտենում է 1500 տոննայի: Մեծ քանակությամբ կաղամբ կա հանրապետությունում, ճակընդեղ, պանիր՝ նույնպես: Պանրի արտահանման ծավալները նույնպես ավելացել են:

-Իսկ արտահանման արդյունքում հնարավո՞ր է առաջիկայում ներքին շուկայում կարտոֆիլի, կաղամբի, խաղողի, խնձորի գները բարձրանան:

-Ես էական շեղումներ չեմ կանխատեսում եւ կարծում եմ, որ շուկայում սպառման գները կլինեն նախորդ տարիների միջին մակարդակի վրա: Այնուամենայնիվ, գնային էական բարձրացումներ չեն սպասվում:
-Իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը` դեպի ՌԴ արտահանումը խթանելու համար:
-Ամենակարեւոր խնդիրը տեղեկատվության հասանելիությունն է: Մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոններ, որոնց հետ տնտեսվարողները կարող են նման խնդիրների շուրջ խորհրդատվություն ստանալ: Այդ կենտրոնների ներկայացուցիչները կարող են արագ կապ ստեղծել երկու տնտեսվարողների միջեւ:

-Այս պահի դրությամբ ՀՀ-ից ՌԴ կոնկրետ ո՞ր տեսակի գյուղմթերք եւ ի՞նչ քանակությամբ է արտահանվել:

-Այս օրերի ընթացքում խաղողի արտահանման ծավալները շոշափելի նկատվում են: Այս պահին էլ ընթանում է արտահանման գործընթացը, նույնիսկ կա գնի բարձրացում. քսան օր առաջ արտահանումները կատարվում էին մոտ 250 դրամով, իսկ այս օրերին արտահանվող խաղողի գինը դարձել է 350 դրամ: Վստահ ենք, որ առաջիկա օրերին արտահանվող խաղողի գինը եւս կբարձրանա, որը շատ կարեւոր խնդիր է: Ես նաեւ մեկ այլ խնդրի մասին նշեմ. նախկինում արտահանողները դժվարություններ էին ունենում Լարսի անցակետը հատելու ընթացքում: Քանի որ հատկապես թուրքական բեռնատարների կուտակումներ էր տեղի ունենում, եւ մերոնք անտեղի օրեր էին կորցնում, հսկայական ծախսեր անում, որպեսզի իրենց հերթը հասներ եւ հատեին սահմանը: Իսկ հիմա, երբ արդեն հասկանալի պատճառներով թուրքական տրանսպորտային միջոցների մուտքը կսահմանափակվի, մեր արտահանողները կարող են շատ կարճ ժամկետում հատել սահմանը: Բնականաբար ե՛ւ ժամանակի, ե՛ւ ծախսի խնայողութուն կանեն:

-Մտավախություն չունե՞ք, որ ռուսական շուկայի փակվելուց հետո թուրքական ապրանքները 3-րդ երկրի միջոցով կհայտնվեն ՀՀ-ում եւ լուրջ խոչընդոտ կստեղծեն տեղական արտադրողների համար:

-Հիմա նման խնդիրներ չեմ տեսնում, բայց ամեն դեպքում համապատասխան ծառայություններն աշխատում են, տեղական մարմինները՝ նույնպես: Չեմ կարծում, որ կլինի անվերահսկելի վիճակ, եւ նման խնդրի առաջ կկանգնենք: Ամեն դեպքում, մենք հիմա հետեւում ենք գործընթացին: Հիմա այսպես կանխատեսել, թե որ մթերքի հարցում ինչպիսի խնդիր կարող է առաջանալ, դժվար է: Բայց ժամանակին մենք օպերատիվ լուծումները կտանք:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս