ԼՂՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 4-ին անցկացվել է «Խորհրդարանական դիվանագիտությունը եւ ղարաբաղյան հիմնախնդիրը» թեմայով պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի բաց դասախոսությունը՝ պատգամավորական կազմի, խորհրդարանի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության պատասխանատուների համար:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, իր ելույթում ընդգծելով միջազգային գործընթացներում խորհրդարանական դիվանագիտության աճող դերը, պրոֆեսոր Մանասյանը, մասնավորապես նշել է, որ գլոբալացման պայմաններում արտաքին քաղաքականությունը դադարել է լինել մեկի կամ իշխանական փոքր խմբի իրավասության դաշտի տակ լինել միայն. աճում է այլ գործոնների դերը, որոնց թվում են փորձագիտական համայնքը, ժողովրդական ու խորհրդարանական դիվանագիտությունը եւ այս սանդղակում ամենաբարձր տեղը գրավող պաշտոնական տեսակետը՝ ի դեմս հանրապետության նախագահի, որն իրականացվում է արտաքին գործերի նախարարության միջոցով:
«Սրանք բոլորովին այլ դաշտեր են, ունեն ազատության տարբեր աստիճաններ ու ընդգրկում են միանգամայն տարբեր լսարաններ: Եւ արտաքին քաղաքականություն ծավալող պետությունը պետք է կարողանա այդ դաշտերն արդյունավետ կերպով օգտագործել՝ ընդհանուր քաղաքական խնդիրների լուծման համար», ընդգծել է Ալեքսանդր Մանասյանը: Պրոֆեսոր Մանասյանը, նշելով նաեւ վերջին ժամանակներում փորձագիտական համայնքի ազդեցության շրջանակների ընդլայնման իրողությունը, կարեւորել է փորձագետների ու խորհրդարանականների միջեւ մշտական կապի ու խորհրդատվությունների իրականացման անհրաժեշտությունը:
Շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Մանասյանին՝ հետաքրքիր ու ընդգրկուն բանախոսության համար՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները 6րդ գումարման խորհրդարանի պատգամավորական կազմի համար շարունակական կլինեն: Արցախի խորհրդարանի ղեկավարը ներկաների անունից շնորհավորել է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանին՝ ծննդյան 75 ամյակի կապակցությամբ, մաղթել գիտական ու ստեղծագործական նոր հաջողություններ եւ պարգեւատրել նրան ԼՂՀ ԱԺ պատվոգրով եւ հուշամեդալով: Բաց դասախոսությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վ.Բալայանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Ս.Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը: