Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մատիրոսյանը տեղեկացրեց, որ տարբեր ընտրատեղամասերում մի շարք խախտումներ են գրանցվել, այդ թվում` կաշառք բաժանելը:
«Հատկապես 7-րդ ընտրատարածքն առաջնության դափնեպսակը վերցրել է,-նշեց Մարտիրոսյանը` հավելելով-7/ 33 ընտրատեղամասում առջև գումար են բաժանել, 7/23 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակներով 116 մարդ է եկել քվեարկելու, որոնք բոլորն ինչ-որ խմորեղենի ցեխի աշխատողներ են եղել, 7/22 ընտրատեղամասում կանխվել է առանց ստորագրելու քվեաթերթիկներ վերցնելու փորձը, 7/26 ընտրատեղամասում ընտրաթերթիկները առանց ստորագրելու են տվել»:
«Ժառանգության» փոխնախագահի փոխանցմամբ` խիստ առանձնահատուկ էին նաև հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումները: «Երբևէ չեմ հիշում, որ հանձնաժողովների անդամների նկատմամբ այսպիսի ճնշումներ, գայթակղություններ տեղի ունեցած լինեն»,-ասաց նա:
Մարտիրոսյանը խոսքով` խնդիրներ են առաջացել նաև վստահված անձանց հետ կապված, քանի որ Հանրապետական կուսակցության շահերը պաշտպանող անձինք «Ժառանգություն» խմբակցության վստահված անձանց վկայականներով են ներկայացել: