Ռուսական առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանում ընթացող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Մասնավորապես, «Գազետա.ռու»-ն հայտնում է մեկնարկած հանրաքվեի մասին: Նշվում է, որ ընդհանուր առմամբ մոտ 2 հազար ընտրական տեղամաս է բացվել, քվերակությունը կտևի Երևանի ժամանակով մինչև ժամը 20.00-ը: Պարբերականը մեջբերում է ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքը, ով հայտնել է, որ ընտրախախտումների գրանցման դեպքում հանրաքվեի արդյունքներն անվավեր կճանաչվեն:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հանրաքվեի մասին տեղեկացնում է. «Չնայած ցուրտ եղանակին՝ Հայաստանի քաղաքներում և հատկապես գյուղական տեղանքներում ընտրական տեղամասերում մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվել, մասնավորապես` մեծահասակները, ովքեր ցանկանում են իրենց կարծիքը հայտնել առաջարկված բարեփոխումների հարցով: Ներկայացնելով անձնագիրն ու ստորագրելով հաշվառման թերթիկում` քաղաքացիները հարցաթերթիկ են ստանում հետևյալ հարցով. «Համաձա՞յն եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծին»: Քվեարկելու համար պետք է լրացնել երկու պատասխաններից մեկը՝ «այո» կամ «ոչ»»:
«Վեստի.ռու»-ն այսպես է վերնագրում Հայաստանում ընթացող հանրաքվեն. «ՀՀ քաղաքացիներն ընտրում են երկրի կառավարման ձևը»: Հայտնելով հանրաքվեի մեկնարկի և ընթացքի մասին՝ նշվում է, որ հանրաքվեին հետևում են 100 միջազգային դիտորդներ: Լրատվականը մանրամասն ներկայացնում է նաև կարգը, որի դեպքում հանրաքվեն կայացած կհամարվի:
«ՆՏՎ» հեռուստաալիքը նույնպես ներկայացնում է հանրաքվեի ընթացքի և այլ մանրամասների մասին՝ նշելով, որ հանրաքվեի առաջին արդյունքները հայտնի կդառնան արդեն դեկտեմբերի 7-ին, իսկ վերջանական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին:
BBC-ի ռուսական ծառայությունը ևս անդրադառնում է հանրաքվեին: Գործակալությունը, մասնավորապես, հիշեցնում է, որ հանրաքվեն նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից: Իսկ ընդդիմությունը դեմ է հանրաքվեին՝ դրա նպատակը համարելով այն, որ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է պահպանել իշխանությունը որպես վարչապետ 2018թ. հետո, երբ լրանա նրա երկրորդ նախագահական ժամկետը:
Իսկ ահա «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների մասին, մասնավորապես, նշելով, որ Երևանի թիվ 7 ընտրական տեղամասում գրանցվել են ընտրախախտումների դեպքեր: Գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկով ծրարը քվեարկելուց հետո: Ավելի վաղ գործակալությունը փոխանցում է, որ ՌԴ դիտորդները դեռևս խախտումներ չեն գրանցել Հայաստանում ընթացող հանրաքվեի ընթացքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան