ԳՈՐԾՈՒՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ոչ իշխանական  ուժերից երկուսի ներկայացուցիչները` ԲՀԿ ցուցակի առաջին համարի տակ ներկայացված Վարդան Օսկանյանը եւ ՀՅԴ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Աղվան Վարդանյանը երեկ հանդես են եկել Հանրապետականի դեմ ուղղված հերթական քննադատությամբ: Մասնավորապես` Օսկանյանն իր ֆեյսբուքյան վերջին  գրառումը նվիրել է Հայաստանում առկա «քաղաքական մենաշնորհին»` նշելով, որ «այդ մենաշնորհի վերացումը քաղաքական դաշտում  իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր նպատակը»: Բայց այդ նպատակի իրագործման համար, չգիտես ինչու, ըստ Օսկանյանի «առաջին կարեւոր քայլն» իրենք  արած կլինեն «Երեւան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով»: Միակուսակցական համակարգի դեմ պայքարի վերացումը Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության տանելիք հաղթանակով է պայմանավորում նաեւ ՀՅԴ ԳՄ փոխնախագահ Աղվան Վարդանյանը: «Ավագանու ընտրություններից հետո կան բոլոր հնարավորությունները` միավորվելու եւ վերջ տալու Հայաստանում միակուսակցականությանը»,-կարծում է նա: Հետեւելով այս երկու գործիչների հայտարարություններին` կարելի է մտածել, որ Երեւանի ավագանու ընտրությունները մեր երկրում ամենակարեւոր քաղաքական ընտրություններն են, ավելի կարեւոր` քան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Այլապես դժվար է բացատրել, թե ինչն էր խանգարում, որ այդ «քաղաքական մենաշնորհի» եւ «միակուսակցականության» դեմ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պայքարեին ընդամենը երկու ամիս առաջ`  մասնակցելով երկրի նախագահի ընտրություններին: «Հայաստանին փոփոխություններ են պետք, եւ մենք պարտավոր ենք կատարել այդ փոփոխությունը»,-ասում է Վարդանյանը, որի կուսակցությունը անցած հինգ տարիներից երկուսի ընթացքում կիսում էր իշխանությունն այդ միակուսակցական համակարգում, ապա դուրս գալով կոալիցիայից` այդպես էլ չհամարձակվեց այն աստիճանի ընդդիմադիր դառնալ, որ պահանջեր երկրի նախագահի հրաժարականը, իսկ դրանից հետո էլ` մի ամբողջ տարի խոստացավ, խոստացավ, բայց այդպես էլ գործուն քայլեր չարեց ԱԺ-ում կառավարության հրաժարականը պահանջելու ուղղությամբ: Նույնը եւ ԲՀԿ-ն, որի անդամ Վարդան Օսկանյանը նախ ինքը տասը տարի շարունակ ծառայեց որպես այդ «քաղաքական մենաշնորհի» անփոփոխ միջազգային խոսնակ` պարտակելով այդ համակարգրի բոլոր կեղտերն ու ամբողջ աշխարհին համոզելով, որ մենք ժողովրդավարության ուղիով սլացող կովկասյան վագր ենք, իսկ հիմա մեկեն հայտնաբերել է, որ իր քաղաքական հայրը` Ռոբերտ Քոչարյանը, եղել է ոչ թե Թոմաս Հոբսի գաղափարակիցը, այլ Ջոն Լոկի, իսկ ԲՀԿ-ն էլ պետք է դառնա այն ուժեղ ընդդիմությունը, որի մասին ժամանակին Քոչարյանն ասում էր` «եթե չունենանք, պետք է ստեղծենք»: Ու որքան էլ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների դժգոհությունը ՀՀԿ-ի կուսակցական գերիշխանությունից տեղին է, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այն ձեւավորվել է հենց ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի գործուն աջակցությամբ:




Լրահոս