Երեկ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հրապարակել է որոշում՝ կապված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումի հետ՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս): Հանձնաժողովը որոշել է, որ պատգամավորը խախտել է ԱԺ կանոնակարգը, ինչի համար Ա. Մովսիսյանը նկատողություն է ստանալու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ քառօրյայի ժամանակ, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է բարձրաձայն ներկայացնի հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Պատգամավորի այս հայտարարությունից հետո՝ սույն թվականի հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են: Գլխավոր դատախազությունը նյութերն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն. սակայն ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը: Արդյունքում Ա. Սաքունցը դիմել էր ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով:
Երեկ՝ փակ նիստի ավարտից հետո, ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է, թե որոշում է կայացվել ԱԺ կանոնակարգի՝ հոդված 6.1.-ի Է կետով, այն է՝ «Ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել պատգամավորին վայել վարքագիծ»: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա համակարծիք է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կայացրած որոշմանը:
-Պարո՛ն Մովսիսյան, ըստ ԱԺ էթիկայի հանձնաժողովի՝ Դուք խախտել եք ԱԺ կանոնակարգ օրենքը եւ պատգամավորին ոչ վայել վարքագիծ եք դրսեւորել: Արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ Ձեր կողմից վարքագծի խախտում է տեղի ունեցել:
-Արդեն հոգնել եմ էդ նույն հարցերին պատասխանելուց, ամեն մեկն ասում է էն, ինչն ինքնա ուզում: Հիմա որոշում է, կայացրել են, դա իրենց խնդիրն է, ինչ անենք, մարդիկ են, որոշում է, կայացրել են, ինչ անենք, տենց որոշումներ էլ են լինում: Հիմա Դուք ինչ եք ուզում, որ ես ասեմ, մարդ է, նստել են, քննարկել են, որոշում են կայացրել: Ի՞նչ եք ուզում ինձնից լսեք, որ ես ասեմ, թե ես ով եմ, ինչ եմ ասել, Ազգային ժողովն էլ ընդեղնա, որտեղ պետքա որոշում կայացնեն, կայացրել են: Դա էլա մարդու համար, որոշումն էլ պետք է լինի, պատգամավորի համար էլ կան որոշումներ, որ պետք է կայացնեն: Հիմա, եթե մեկը մեկին վիրավորի, պետք ա ասեն, որ վիրավորելա, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, վիրավորել են, ասում են: Ո՞վ է ասելու, թե չես վիրավորել, եթե մարդը մի բանա անում, ասում են՝ դու արել ես, սենց բան ես արել: Ազգային ժողովի հանձնաժողովն էլ որոշում է կայացրել է, հիմա ինչ անենք, ամեն մեկն էլ հելնում, մի բանա ասում դրա մասին, ինչ կա, կա, էտա: Մի դրեք մի բանը անընդհատ ասեք, չափազանցրեք, խառնեք իրար, ինչ կա, բոլորն էլ գիտեն: Հարց եմ տալիս հիմա, եթե մեկին հայհոյես, մեկին վիրավորես, էդ մեկն ասելու ա՝ դու քեզ լա՞վ ես պահել, չէ, չի ասի, ինքն էլ կսկսի քո ասածին հակառակն ասել, քեզ վիրավորել, ոչ մեկն էլ չի դնի, քեզ գովի, ասի՝ հա, ապրես, որ տենց բան ես արել: Չեն ասի, իհարկե:
-Բայց եթե խորհրդարանում արդեն հայտարարեն, որ Դուք խախտել եք ԱԺ կանոնակարգը ու պատգամավորին ոչ վայել արտահայտություն եք արել, դրանից հետո Դուք փոխելո՞ւ եք Ձեր վարքագիծը:
-Ով ինչ անում է, ասում է՝ չգիտեմ, բայց ես ասում եմ` իմ երկրի ղեկավարությանը, նախագահի հասցեին, մեր նախարարների հասցեին, պաշտպանության նախարարի հասցեին ու մնացածին իմ մոտ որեւէ մեկը եթե համարձակվի, հայհոյի, ապա ես կթքեմ էրեսին: Էլ ինչ ասեմ Ձեզ, ես տենց եմ որոշել, ես հազար անգամ դրա մասին ասել եմ բոլորի ներկայությամբ: Բոլորն էլ գիտեն, որ ես տենց եմ անելու, որովհետեւ ոչ մեկն էլ իրավունք չունի մեր երկրի ղեկավարությանը ինչ-որ ձեւով հայհոյի կամ վիրավորի: Եթե վիրավորեն, կստանան նույն պատասխանը, ինչ-որ իրենք են հայհոյել: Ես գաղտնիք չեմ պահում իմ անելիքները: Որոշում են, թող որոշեն, սա էլ իմ որոշումն է, եթե ինչ-որ մեկն անշնորհքություն անի, ես էլ նման ձեւով եմ պատասխանելու: Ես չեմ կարա նստեմ հանգիստ, եթե վիրավորում են երկրի ղեկավարությանը, ես դրա մասին հազար անգամ ասել եմ: Վերջ, էս էլ իմ որոշումն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՑԱՎ
Երեկ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից մեկնարկելիք հանրահավաքից առաջ` առավոտվա ժամերին, Հայաստանի տարբեր մարզերից քաղաքացիներին չէր հաջողվում Երեւան հասնել, քանի որ մայրաքաղաք եկող տրանսպորտը չէր գործում: Անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երեւան փոխադրել, չկային:
Դժվար չէ նկատել, որ այս ամենը անմիջական կապ ուներ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի հետ` նպատակ հետապնդելով թույլ չտալ քաղաքացիների մասնակցությունը հանրահավաքին: Իհարկե, ընդդիմության կողմից կազմակերպված ցանկացած հավաքից առաջ միշտ էլ շրջաններից Երեւան եկող երթուղայինների աշխատանքը խաթարվել է: Բացի այս՝ հանրահավաքն ամեն կերպ խոչընդոտել փորձող իշխանություններն այս դեպքում, ի դեմս Երեւանի քաղաքապետարանի, մերժել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի դիմումը` Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու խնդրանքով:
Հավելենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ): Ոստիկանությունն իր հերթին հայտարարություն տարածելով՝ հայտնել էր. «Հայտարարության իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն այցելել են նշված գրասենյակ՝ Կապան քաղաքի Չարենցի 2 շենքի 16 բնակարան, որտեղ «Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի պատասխանատու Ս. Հայրապետյանն իր բացատրությամբ նշել է, որ իրենց գրասենյակ ոչ ոք ապօրինի մուտք չի գործել, եւ նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություն իրենց գրասենյակից ոչ ոք չի արել»:
Ինչեւէ, այս ամենով հանդերձ երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրված հանրահավաքը կայացավ, որին մեծ թվով քաղաքացիներ մասնակցեցին: Սակայն մինչեւ հանրահավաքի մեկնարկը ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջեւ բախում տեղի ունեցավ, որի ընթացքում բերման ենթարկվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, այնուհետեւ քաղաքացի Միքայել Նահապետյանը: Սակայն ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուքասզյանը հայտնեց, որ նրանց խուզարկել ու ազատ են արձակել: Հավելենք, որ Ազատության հրապարակ մտնող անձանց ոստիկանները միայն խուզարկելուց հետո էին թույլ տալիս առաջ անցնել` առանց որեւէ բացատրություն տալու:
Հանրահավաքի ժամանակ «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամներն հանդես եկան ելույթներով` միաբերան պայքարի կոչեր հղելով հանրությանը: «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը իր խոսքում նշեց, որ ամեն կերպ կասեցնելու են սահմանադրական փոփոխությունների ծրագիրը, եթե պետք լինի, օրերով չեն հեռանա Ազատության հրապարակից: Վերջինս նաեւ Նիկոլ Փաշինյանին ու Ստեփան Դեմիրճյանին հրապարակ հրավիրեց: «Հեղափոխությունը սկսվել է, Նիկոլ Փաշինյան, սկսվել է, ուր ես, արի, սպասում ենք»,- ասաց Սէֆիլյանը: Փաշինյանն, իհարկե, հրապարակում էր, քաղաքացիների կողքին, պարզապես հարթակ չբարձրացավ: Այնուհետեւ «Նոր Հայաստան» փրկության ճակատը երթ անցկացրեց, որից հետո վերադառնալով Ազատության հրապարակ՝ փրկության ճակատի առաջնորդների մի մասը խոստացավ գիշերել այնտեղ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԽԱՉՔԱՐԸ ԿԲԵՐԵՆ 3 ՏԱՐՈՒՑ
«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Իտալիա է արտահանվել խաչքար: 13-15-րդ դարերի պատրաստած բազալտե խաչքարը ցուցադրվում է Հռոմի Բրասկի թանգարանին հարող հրապարակում: Հռոմի բնակչությունը եւ բազմահազար այցելուներ հնարավորություն ունեն դիտելու հայկական խաչքարը: Խաչքարային արվեստը 2010 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում: ՀՀ կառավարության վաղվա նիստում «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետը 3 տարով կերկարաձգվի՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 9-ը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է խաչքարի ցուցադրելու միջոցով միջազգային հանրությանը հայկական մշակույթը ներկայացնելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարությունը մեկ այլ որոշման նախագծով էլ պատրաստվում է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացնել շուրջ 2 մլն դրամ: Գումարը հատկացվելու է գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման եւ հարցերին արագ արձագանքման նպատակով ստեղծված «թեժ գիծ» ծառայության բարելավման համար:
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 27-ի համարում գրել էր, որ հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչության ստուգումները պայմանավորված են եղել այդտեղ պահվող դատապարտյալների կողմից մի շարք քաղաքացիներից խաբեությամբ ապրանքների շորթելու պատմությամբ: Պարզվում է՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է հափշտակության մոտ 40 դեպք կազմակերպելու մեջ: Իսկ ով է պատասխանատու դատապարտյալի՝ ՔԿՀ-ում արտոնյալ կարգավիճակում գտնվելու եւ մարդկանց խաբելու հնարավորություն ունենալու համար, եւ արդյոք կատարվածը չի վկայում այն մասին, որ նշված ՔԿՀ-ի ղեկավարությունը թերացել է: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարության լրատվական, որտեղից մեզ պատասխանեցին. «Տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Ս. Դանիելյանի մոտից հայտնաբերված եւ առգրավված արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների եւ բաժանորդային քարտերի ներթափանցման ուղիները պարզելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի հրամանով կատարվում է ծառայողական քննություն»:
ԱՌԱՆՑ ԵՐՇԻԿԵՂԵՆԻ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա տասն ամիսներին Հայաստանում մսամթերքի, երշիկեղենի արտադրության ծավալները նվազել են 9 տոկոսով, 2015-ին արտադրվել է 4 մլն 608 հազար տոննա՝ անցած տարվա ավելի քան 5 մլն 63 հազար տոննայի դիմաց: