ՎԱՂՈՒՑ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ «ՓՐԿԻՉՆԵՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս, որպես կանոն, իրենց չափից ավել ինքնավստահ են պահում, քանի որ համոզված են, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ կհաջողվի իրենց համար ցանկալի արդյունք արձանագրել: Իսկ որտե՞ղ են թաքնված ինքնավստահության արմատները:

Վերջին տասնհինգ տարիներին Հայաստանի ընդդիմադիր գործիչների քարոզչության մեխը փաստացի դարձել է հեսա-հեսա Հայաստանի կործանում կանխագուշակելը եւ իրենց «փրկչի» դերակատարություն վերապահելը: Երկրի մոտալուտ կործանումը կանխագուշակող ընդդիմադիրը, եթե անգամ ի սկզբանե չեն հավակնել «փրկիչի» դերին, միեւնույն է՝ որոշ ժամանակ անց մեխանիկորեն դարձել են այդպիսին կամ իրենց թիմակիցների կողմից են հռչակվել որպես այդպիսին: Բնական է՝ եթե քաղաքական գործիչը հայտարարում է, որ իշխանությունների պաշտոնավարումը եւս մեկ տարի կամ մեկ ամիս շարունակվելու դեպքում Հայաստանը կործանվելու է, ապա ունկնդիրը նրանից պահանջում է «փրկել» հայրենիքը:
Իշխանությունների համար տեխնիկայի հարց է ընտրական գործընթացներից դուրս «փրկիչներին» վնասազերծելն ու այդպիսով հասարակությանը հիասթափության հերթական դոզան հաղորդելը: Մինչ օրս նման շարժումները, որպես կանոն, «վնասազերծվել» են համապատասխան ֆինանսավորման աղբյուրը կտրելու ճանապարհով: Վերջին 15 տարիներին մենք նման մի քանի դեպքերի արդեն ականատես ենք եղել: Վերջին ամենաթարմն էլ այս տարվա փետրվարին տեղի ունեցավ:
Ընտրական գործընթացների ընթացքում ընդդիմադիր շարժումները հաջողել են միայն 2003, 2008 եւ 2013 թվականների նախագահական ընտրությունների ժամանակ: Պատճառը կրկին նույն` «փրկչի» քարոզչության արդյունքն է, որն, անշուշտ, էֆեկտիվ է: Սակայն այդ շարժումները եւս արդյունքի չհասան, քանի որ չավարտվեցին իշխանափոխությամբ:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ընդդիմությունը փաստացի դարձել է իր վարած քարոզչության գերին եւ զոհը: «Վերջը» կանխագուշակողները ստիպված են անընդհատ բզկտել իրենց եւ մնացած ընդդիմադիրների բոլոր տեսակի ռեսուրսները, կլինեն դրանք ֆինանսական, թե մարդկային, էական չէ: Արդյունքում, ընդդիմությունը ընտրական գործընթացներին, որպես կանոն, մոտենում է կիսատ-պռատ կազմակերպվածությամբ: Մյուս կողմից էլ, եթե որեւէ ընդդիմադիր ուժ համարձակվում է հերթական «փրկչի գալուստը» կասկածի տակ առնել, ապա նրան անմիջապես հռչակում են իշխանական պրոեկտ եւ վարկաբեկելով՝ «վնասազերծում»: Արդյունքում, դաշտում մնում են իշխանությունները եւ «փրկիչները» կամ այդպիսին դառնալու համար հերթագրվածները:
Այս բանաձեւում ժողովուրդը, Սահմանադրության տեսանկյունից, ասել է թե՝ իշխանության կրող ՀՀ քաղաքացին` ընտրողը, մշտապես մնում է գործընթացներից դուրս: Մի կողմից՝ իշխանությունները մարդկանց ներշնչում են, որ ով էլ գա իշխանության, ոչինչ չի փոխվի, եւ ավելի լավ է վերցնեն իրենց հինգ հազար դրամը եւ իշխանության թեկնածուի օգտին քվեարկեն: Մյուս կողմից էլ՝ ընդդիմությունը եւս անընդհատ Հայաստանի մոտալուտ կործանումը քարոզելով եւ տարբեր «փրկիչների» դեմքերով ներկայանալով՝ ընտրողին փաստացի «իշխանափոխության գործիքի» դերակատարություն է վերապահում: Արդյունքում, եթե անգամ մարդիկ քվեարկում էլ են «փրկչի» օգտին, ապա դրանից հետո գնում, նստում են իրենց տանը` սպասելով խոստացված փրկությանը, մի քանի օրից էլ արձանագրում են, որ կրկին անգամ խաբվեցին:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց ստեղծված իրավիճակն իրականում շատ պարզ լուծում ունի: Նախ անհրաժեշտ է խոստովանել, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրանց գլխավորած եւ ցանկացած իշխանական համակարգ փոքր է 21-րդ դար հասած Հայաստանը կործանել կարողանալու համար: Ապա ընդդիմությանն անհրաժեշտ է լինելու ընտրողների շրջանում ըմբոստություն հրահրել եւ ուղարկել տեղամաս՝ քվեարկության՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի աննկուն պատրաստակամությամբ: Իսկ գործիչներն էլ պետք է կարողանան այդ գործընթացներում ապահովել տեղամասերի վերահսկողությունը: Սա է փրկության բանաձեւը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՕԵԿ-Ի ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՈՉ-Ը
ՕԵԿ-ի ստեղծված «Հայկական վերածնունդ» միավորումը ի սկզբանե խոստացել էր սահմանադրական հանրաքվեի քարոզչությանն ակտիվ մասնակցել եւ ոչ քարոզել: ՕԵԿ-ականները, կամ նույն է թե՝ «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչները, նույնիսկ չէին բացառում, որ իրենք հանուն ոչ-ի հանրահավաքներ ու ցույցեր կկազմակերպեն: Սակայն սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին ընդամենը երեք օր է մնացել, բայց ՕԵԿ-ի ոչ-ն այդպես էլ տեսանելի չէ: ՕԵԿ շտաբի պետ Թելման Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իբր իրենք ակտիվ քարոզչություն են ծավալել, եւ այժմ էլ այն ակտիվ փուլում է գտնվում: «Ներկա պահին մենք 40 գործող գրասենյակներ ունենք, որոնցից 28-ը մարզերում են, 18-ը՝ Երեւանի վարչական շրջաններում, եւ մեկ կենտրոնական գրասենյակ ունենք: Յուրաքանչյուրի համար պատասխանատուներ են նշանակված: Ամբողջ օրը մենք ակտիվ ենք, աշխատանքներն ամեն օր գնում են: Գրաֆիկը կա, օրերը նշանակված են, մարզային պատասխանատուներն անընդհատ աշխատում են: Մեր գրասենյակները առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 20-ը ամեն օր բաց են: Այնպես որ, ամեն ինչ նորմալ ընթանում է»,- փորձեց մեզ համոզել ՕԵԿ ներկայացուցիչը:

 

ՀՀԿ-Ն ԿԱՄՓՈՓԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այս հինգշաբթի գործադիր մարմնի նիստ կհրավիրեն եւ Սերժ Սարգսյանին կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների քարոզչության արդյունքները: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին ողջ երեկոն անցկացնում է ՀՀԿ գրասենյակում: ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ԳՄ նիստը, սակայն հայտարարեց, թե օրակարգը ձեւավորվելու է հենց ընթացքում:

 

«ՀԱՄՈՆ» ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ
Նոյեմբերի 24-ին խորհրդարանի կողմից ընդունվեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այս փաստաթուղթն առավել հայտնի է որպես համայնքների խոշորացում նախատեսող օրինագիծ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած համայնքների խոշորացման համար անհրաժեշտ բոլոր իրավական ակտերն արդեն ընդունվել են, սակայն մինչ այժմ անհասկանալի է մնում, թե երբ է ծրագիրը կյանքի կոչվելու: Պատճառը թերեւս այն է, որ իշխանությունները դեռ չեն ստացել եվրոպական կառույցների խոստացած դրամաշնորհները: «Ժողովուրդ»-ը երեկ ողջ օրը փորձեց այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՏԿԱԻ նախարարությունից, սակայն ապարդյուն:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է եւ այն հավասարապես սպառնում է բոլոր պետություններին՝ անկախ նրանց չափից եւ զարգացման աստիճանից: Այդ մասին երեկ Փարիզում կայացած «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովում ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ թեեւ Հայաստանի մասնաբաժինը համամոլորակային արտանետումներում մեծ չէ եւ չի գերազանցում երկու հարյուրերորդական տոկոսային միավորը, այդուհանդերձ, Հայաստանը կարեւորում է այս հարցում բոլոր երկրների ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը:

 

ԱՅՐՎԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ
Երեկ ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ գնդակոծության հետեւանքով այրվել է գյուղում երթեւեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Aravot.am-ը հայտնում է, որ ղեկին եղել է սահմանապահ հայ սպա: Նա չի տուժել: ArmLur.am-ը փորձեց մանրամասներ պարզել համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանից, սակայն ապարդյուն: Գյուղապետն ասաց, թե իրենց արգելվել է որեւէ ինֆորմացիա դուրս հանել գյուղից: Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Վերջինս փոխանցեց, որ այս պահին հանգիստ վիճակ է, երեկվա դեպքը լուրջ չի եղել, տեղ-տեղ կրակոցներ են հնչել. «Մերոնք պատասխան հարվածները հասցրել են: Վիճակը կայուն է եւ վերահսկելի»: ՊՆ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկում՝ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 
ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
Մինչեւ դեկտեմբերի 4-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: ՏԿԱԻՆ տեղեկացմամբ` Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան քաղաքներում եւ Շիրակի մարզում: Բաց է նաեւ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս