Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորությամբ:

Կենտրոնական վարչությունը, որի կազմն ընտրվել էր 2015թ. սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած ՀՄԸՄ 11-րդ Պատգամավորական ժողովի ընթացքում, ներկայումս Երևան է ժամանել այստեղ իրականացնելու իր առաջին լիագումար նիստը:

Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գնահատանքի խոսքեր ուղղեց ՀՄԸՄ վարչությանը և կազմակերպության բոլոր անդամներին՝ կատարած հայրենանվեր աշխատանքի և արագորեն գլոբալացվող աշխարհում երիտասարդությանը հայ պահելու ջանքերի համար:

Շնորհակալություն հատնելով Հրանուշ Հակոբյանին գնահատանքի համար՝ Գառնիկ Մկրտիչյանը վստահեցրեց, որ ՀՄԸՄ-ն մշտապես հավատարիմ է կազմակերպության գործունեության գլխավոր նպատակին, այն է՝ ֆիզիկական և հոգեկան առողջ դաստիարակությամբ հայ երիտասարդ աճեցնելուն, հայությանը և Հայաստանին ազնիվությամբ, արիությամբ, օրինապահությամբ, հայրենասիրությամբ, պատվի ու պատասխանատվության զգացումով ծառայելու գիտակցության ամրապնդմանը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության առաջիկա քառամյա ծրագրերը Հայրենիքում և Սփյուռքում իրականացնելու, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրների հայկական վարժարաններում հայոց լեզվի ուսուցման հնարավորությունների զարգացման և բարելավման, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՄԸՄ միջև գործակցության զարգացման և ամրապնդման հետ կապված այլ հարցեր:




Լրահոս