Դեկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հյուրընկալել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը՝ ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված` Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի հիմնական դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին:
Հանդիպումից առաջ աշակերտները շրջել են խորհրդարանում եւ ներկա գտնվել ԱԺ նիստերի դահլիճում ընթացող գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը, երկրի ներքաղաքական իրավիճակը եւ սահմանադրական փոփոխություններից ակնկալիքները:
Դպրոցականները, ավանդույթի համաձայն, Հերմինե Նաղդալյանին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեին, կրթական ոլորտում առկա խնդիրներին եւ հանրապետական օլիմպիադաների անցկացման ձեւին:
Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում տիկին Նաղդալյանը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում:
Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: