ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում, 14 փողոցի 46 տան բակում՝ ծիրանի ծառից կախված վիճակում հայտնաբերվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի նախկին պետ, 38-ամյա Էդգար Միքայելյանի դին: Դեպքից անցել է 2 ամիս, եւ մինչ օրս ՊՆ գնդապետի հարազատների համար առեղծված է մնում, թե ինչո՞ւ նա պետք է գնար այդ քայլին:

Դեռեւս 2009 թվականին Էդգար Միքայելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի պետի պաշտոնից, սակայն հայտնվել էր մեկ այլ պատմության կիզակետում: Բանն այն է, որ 2014 թվականին Էդգար Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել ՃՈ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Արդյունքում, նա դատապարտվել էր ազատազրկման 2 տարի ժամկետով, իսկ որոշ ժամանակ անց վաղաժամկետ ազատ էր արձակվել: Եւ, ահա, այս դատական քաշքշուկից հետո տպավորությունն այնպիսին էր, որ ՊՆ գնդապետի կյանքում ամեն ինչ նորմալ ընթացք պետք է ստանար, սակայն անհասկանալի պատճառներով 2015 սեպտեմբերի 24-ին վերջինիս հարազատները նրան գտան իր առանձնատան այգում ծիրանի ծառից կախված: Ինչո՞ւ, այս հարցի պատասխանը մինչ օրս անհասկանալի է շատերի համար:
Նկատենք, որ Էդգար Միքայելյանի առեղծվածային ինքնասպանությունը ավելի շատ հարցականներ առաջ բերեց մեկ այլ սպանության գործով:

Իսոն բացեց փակագծերը

2014թ հունվարի 27-ին Երեւանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Սպանությունը կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել Իսրայել Սարգսյանը` Իսոն, որը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: 2015 նոյեմբերի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դատարանում աղմկալի հայտարարություն արեց: Ըստ նրա` 9 ամիս քննվող գործի շրջանակներում 87 վկաներից գոնե կեսը չեն հարցաքննվել. «Ես կբացեմ փակագծերը: Բոլոր վկաները ոչինչ չեն լսել, ոչինչ չեն տեսել: Ունենք վկաներ, որոնք գործի համար էական նշանակություն կարող են ունենալ, բայց նրանք չկան, չեն երեւում: Էդգար Միքայելյանը իմ հարազատն էր, մտերիմը, ՊՆ գնդապետ: Նրան գտնում են իր տան բակում՝ կախված: Ինքն էդ մարդը չէր, որ կախվեր, որեւէ խնդիր չուներ: Նրան ԱԱԾ-ն ձերբակալեց, տարավ Խթը-ի պադվալ: Ասել են՝ Իսոն քեզ զանգել, հարցրել է՝ եթե մեր գյուղի կալոդեցը մարդ գցեն, ինչ կլինի: Այո՛, ես զանգել եմ, ասել եմ: ԱԱԾ քննիչը ճնշում է գործադրել, ասել է, որ այդ նույն բառերը Էդգարը ցուցմունքում գրի: Հիմա ես ի՞նչ իմանամ, որ մյուս կարեւոր վկաներն էլ չեն անհետանա: Դատախազին բողոք էր գրել, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում, բայց ընթացք չի տրվել»:
Այսպիսով՝ ստացվում է, որ ինքնասպան եղած Էդգար Միքայելյանը պետք է ներկայանար դատարան, հայտներ, թե ինչ գիտի Իսրայել Սարգսյանի կամ Քանաքեռավան համայնքում գտնվող կոյուղու մասին: Միգուցե, նա այնպիսի աղմկալի հայտարարություններ աներ քրեական հեղինակության եղբոր սպանության գործով, թե, օրինակ, ինչ ճնշումներ են գործադրել իր վրա: Չի բացառվում: Բայց փաստ է, որ Էդգար Միքայելյանը չհասցրեց, քանի որ նրան գտան ինքնասպան եղած:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել էր Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է հանցագործությունը կատարողին` Մովսես Ներսիսյանին: Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան եւ նետել կոյուղու դիտահորերից մեկը: Ինչպես հայտնի է՝ կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման: Armlur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարող իրավապահները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ հատուկ սարքավորումներ տեղադրելով կենդանու գլխի մեջ, որպեսզի հասկանան, թե ինչ է լինում կենդանու մարմնի հետ: Մեր տեղեկություններով՝ խոզը ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են: Այս փորձից հետո իրավապահներն այն եզրահանգման են եկել, որ Մոսոյի՝ կոյուղու դիտահորում նետված դիակը քայքայվել եւ կորել է, ինչի հետեւանքով այն չի հաջողվում գտնել:

Հարազատները չեն գտնում պատասխանը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էդգար Միքայելյանի մայրը՝ տիկին Անուշը եւս առեղծված է համարում որդու մահը. «Դեպքից առաջ՝ երեկոյան, ուրախ բոլորս հաց ենք կերել, ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել իր մոտ, իր եղբոր բալիկի հետ խոսեց, ասեց, որ առավոտյան պիտի գնա, նրան մանկապարտեզից բերի: Ամեն ինչ շատ լավ էր, մենք այնքան խաղաղ համերաշխ ընտանիք ենք: Ինչ ասեմ, չգիտեմ: Առավոտյան իր սուրճի ժամն էր.. վեր կացանք ու տեսանք կախված»:
Տիկին Անուշի խոսքով` իր որդին շատ ուժեղ տղա էր, եւ չի հավատում, որ նա կարող էր գնալ այդ քայլին. «Ինքը այդ տղան չէր: Ամեն ինչ իր մոտ սկսվում է հայրենիքով: Իր մասին այնքան հոդվածներ են գրել, այնքան կյանքով լի մարդ է, օգնում է մարդկանց, մի շարք պատվոգրեր է ստացել: Ես նրա մասին ներկայով եմ խոսում: Ինքը ուժեղ է, ես երբեք չեմ պատկերացնի, որ նա կգնար այդ քայլին: Ինչպես թողեց իր սենյակը, այդպես էլ թողել ենք: Մի՞թե «Մատյան ողբերգություն» կարդացող մարդը կգնար այդ քայլին»:
Մեր զրուցակցի խոսքերով՝ երբեք իր խնդիրների մասին չի պատմել. «Խնդիրներ էլ չի ունեցել, ախր, չեմ կարողանում գտնել ինչո՞ւ հարցի պատասխանը»:
Մեր այն հարցին, որ Էդգար Միքայելյանը քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով վկա էր, արդյո՞ք հնարավոր է, որ ճնշումների ազդեցության տակ գնար այդ քայլին, քանի որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դատարանում հայտնել էր, որ նրան ճնշել են, տիկին Անուշը պատասխանեց. «Իմ տղան շատ ուժեղ էր, նա միշտ իր զինվորներին սովորեցրել էր ուժեղ լինել, պայքարել: Նրա կուրսանտները եկել էին ու ապշած էին, ոչ մեկ չէր հավատում, նրանք ասում էին՝ այնպիսի ոգի էր մեր մեջ դրել, նա չէր կարող գնալ այդ քայլին: Չգիտեմ, մի կապեք այս ամենը այդ դեպքի հետ»:
Նշենք, որ Էդգար Միքայելյանի հարազատները կտրել են այգում գտնվող այն ծիրանի ծառը, որտեղ հայտնաբերել էին իրենց որդուն՝ կախված վիճակում: «Ծառը մեղավոր չէր, բայց կտրվեց»,-լացակումած ձայնով ասաց ինքնասպան եղած Էդգար Միքայելյանի մայրը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանխարգելիչ սրտաբանության կենտրոն է տեղափոխել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը: Պարզեցինք, որ վերջինս սրտի կաթված է ստացել: Մեզ հետ զրույցում Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Նիկոլյանը, հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ ամուսնուն չեն վիրահատել. «Դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Անգամ որդուս չենք հայտնել լուրը: Այն, ինչ իմ ընտանիքը տեսավ, աննկարագրելի է, սակայն մենք չենք կոտրվում եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013-ի հուլիսի 16-ին Անի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմակիցների հետ վիճաբանել էր, ինչից հետո նրան նախակաթվածային վիճակում ու մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխել: Իսկ օրերս էլ նա սրտի երկրորդ կաթվածն է ստացել:

 

«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ի ՇՈՒՐՋ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շենգավիթ բժշկական կենտրոնում աշխատակիցների կրճատումներ են սկսվել: Գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել եւ ազատվել աշխատանքից: Նրանց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Տեղեկացնենք, որ այս օրերին ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նոյեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանին տուգանել է 150.000 դրամով: Պատճառն այն է, որ 2015 հուլիսի 1-ին «Շենգավիթ» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել ապրանքներ, որոնց մասին հայտարարագիրը սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմին չի ներկայացվել: Այս արարքի համար ԲԿ-ի տնօրենը տուգանվել է 50.000 դրամով: Պարզեցինք նաեւ, որ նույն ամսվա մեջ ԲԿ-ի տնօրենը եւս երկու անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստան եւ հայտարարագիր չի ներկայացրել` տուգանվելով 100.000 դրամի չափով:
Այսպիսով, «Շենգավիթ» ԲԿ-ի շուրջ օղակը սեղմվում է: Եվ այն անպատասխանատու վերաբերմունքը, որն առկա է հիվանդանոցում` հիվանդների, ինչպես նաեւ՝ պետական այլ հաստատությունների հետ հարաբերություններում, կարծես թե սկսել է նկատվել նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից:

 

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել նոյեմբերի 17-ից։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ Կյուրեղյանի առողջական վիճակը բավարար է։ «Նա գտնվում է առանձին խցում, բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակն այս պահին բավարար է», – ասել է Ղլեչյանը։

 
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶԻՆ
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ միջնորդելով սույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գեւորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու եւ հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաեւ ոստիկանության ծառայողներին վերագրում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու եւ իրավական գնահատական տալու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:




Լրահոս