Լույսերը հանգցնելը, քվեատուփերը գողանալն անցել են պատմության գիրկը. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակեղծիքների և խախտումների մասին խոսակցությունները պետք է լինեն հստակ և առարկայական, այսինքն` փաստային: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին` այդ մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Այն իներցիոն խոսակցությունը, սպասելիքները կամ պատրանքները, որ որոշ քաղաքական ուժեր կարող էին ունենալ, և որ կան մեր հիշողության մեջ, դա ընդհանուր խոսակցություն է, որը ոչինչ չի ասում: Իսկ կոնկրետ խոսակցությունն այն է, ինչ այսօր ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ հավաքված են բոլոր բողոքները և կատարվում է աշխատանք», – ընդգծեց նա:

Անդրադառնալով մի քանի ընտրատարածքում արված վերահաշվարկներին Նաղդալյանը ընդգծեց, որ դրանցում էական փոփոխություններ չի եղել: Նրա խոսքով` համեմատած նախկինում եղած ընտրությունների հետ, այս անգամ մասսայական նման դեպքեր չեն եղել: Նաղդալյանն ընդգծեց, որ իրենք որևէ մեկին համոզելու խնդիր չունեն:

«Քայլ առ քայլ ընտրությունները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական: Տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, այսօր բացարձակ անցել են պատմության գիրկը, օրինակ` լույսերը հանգցրելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկները: Դուք ասում եք` լցոնում եք արել, որը փաստ չէ: Փաստն այն է, որն արձանագրվել է», – հավելեց նա:

Նաղդալյանի խոսքով` սրանք ժամանակին եղել են մասսայական և ունեցել են էական ազդեցություն, իսկ հիմա այդպես չէ, և ունենք այլ իրավիճակ:

«Տեղամասերի դիմաց հանգիստ, բացարձակ անխոչընդոտ էր: Այսօր դեռ կան դեպքեր, որոնց մասին դուք խոսում եք: Դուք էլ շատ լավ գիտեք` անմիջապես բարձրաձայնվեց փաստը, և կալանավորվեց կատարողը, դա է քաղաքական կամքը», -եզրափակեց նա:




Լրահոս