Արմեն Ամիրյանը ևս մեկ անգամ անդրադարձել է իր` աշխատանքից ազատման դիմում գրելուն և պարզաբանել Ռուբեն Ջաղինյանի հետ իր հարաբերությունների մասին տարածված լուրերը: Նրա հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ,
Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի:Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»:
Խնդրում եմ դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Ջաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու և խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է:
Եվ քանի որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոի մրցույթին, հետևաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:
Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել և անհիմն չմեկնաբանել: Այլապես, նոր աշխատանքի հետ կապված իմ բարի և դրական ցանկությունը արժեզրկվում է:
Հուսով եմ, որ սա կլինի թեմայի շուրջ վերջին գրառումը ոչ միայն իմ, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերների կողմից:
Հարգանքներով`
Արմեն Ամիրյան»