Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին խնդրեց ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունների արդյունքները:
Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի տեսադաշտում են գտնվում խոշոր ընկերությունները, այդ պատճառով ստուգումներ են իրականացվել առաջին հինգ խոշոր ընկերություններում, որոնց թվում են նաև «Նատալի ֆարմ»-ն ու «Ալֆա ֆարմ»-ը:
«Ուսումնասիրությունները կատարվել են 483 դեղերի մասով և պարզել է, որ այդ երկու ընկերություններում գնային բարձրացումներ են եղել: «Ալֆա ֆարմ»-ում երեք դեղի մասով էական գնային փոփոխություններ են եղել», – հայտարարեց Շաբոյանը, հավելելով, որ գների բարձրացումը պայմանավորված է եղել դրանց ձեռքբերման գնի ավելացմամբ:
Շաբոյանը հավելեց, որ «Նատալի ֆարմ»-ում մեկ դեղի գին է բարձրացել և ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրելու: Իսկ վարչապետն էլ կոչ արեց հետևողական լինել այս հարցում: