Հարազատները հայրենադարձված գերուն արտառոց վիճակում են «հայտնաբերել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտի 22-ին ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատած և նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից վերադարձված ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ սոմատիկ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Իսկ հոգեկան խնդիրների հետ կապված ազգականները մտահոգություններ ունեն:

ArmLur.am-ին պայմանագրային զինծառայողի քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, պատմեց, որ երեկ այցելել են ՔԿՀ բուժհաստատությունում գտնվող Անդրանիկին. վերջինիս պահվածքը, ըստ մեր զրուցակցի, խիստ մտահոգությունների տեղիք է տվել:

«Իրեն շատ տարօրինակ էր պահում: Մեզ ճանաչեց, բայց ոչ մի ռեակցիա չտվեց: Իրեն նման չէր: Ես լսել էի, որ ոչ ադեկվատ է իրեն պահում, բայց իմ աչքերով տեսա ու… աչքերից չէի հավատում»,- ներկայացրեց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ այս պահին դատաբժշկական փորձաքննության արդյունքներին են սպասում:

Ա. Հարությունյանի փոխանցմամբ՝ հայրենադարձված ազգականին չեն մոտեցել, ապակու ետևից են խոսել հետը: Քննիչներն էլ, ըստ Հարությունյանի, վստահեցնում են, որ եթե ապացուցվի Անդրանիկի՝ հոգեկան խանգարումներ ունենալու փաստը, քրգործը՝ դասալքության հատկանիշներով հարուցված, կկարճվի. «Ծնողներին էլ տեսավ, որևէ արձագանք չտվեց: Տպավորություն էր, որ նույնիսկ ուրախ չէր մեզ տեսնելով: Բժիշկները 5-10 օրը մեկ բուժզննում են անում: Բայց հույս չունենք, որ լավ կլինի: Ասում է՝ մեր գյուղում ճոպանուղի է բացվել, գնացե՞լ նստել եք, կամ ասում է՝ ուզում էի գնայի Կասպից ծովում լողանայի, թուրքրեը չթողեցին: Ձեռքս միշտ վնասված է եղել, ինձ ասում է՝ էդ ե՞րբ ձեռքդ կտրեցիր, հո չի ցավում»,- շարունակեց Արմեն Հարությունյանը:

Նա հայտնեց նաև, որ Անդրանիկի՝ Ադրբեջանի սահմանն անցնելուց մեկ ամիս անց, նրա պայմանագրի ժամկետը պետք է լրացվեր. այսինքն՝ ծառայությունից խուսափելու վարկածը հարազատները բացառում են. «3 տարվա պայմանագիր էր կնքել, մի ամսից պիտի լրանար ժամկետը, ու այդ դեպքը եղավ: Հիմա Երևանից հանրային դատապաշտպանն է գալու: Սպասենք՝ տեսնենք՝ ինչ կլինի»:

Հարցին՝ ինչպես է նա ծառայության անցել, եթե առողջական խնդիրներ ուներ, Արմեն Հարությունյանն ասաց, թե Անդրանիկն ըստ արժանվույն բուժզննում չի անցել: Նրա խոսքով՝ Ադրբեջանում եղած օրերի մասի Անդրանիկը որևէ բան պատմելու հնարավորություն չի ունեցել. քննիչներն ասել են, որ պետք է խոսեն միայն իրենց մասին՝ քննությանը չխանգարելու նպատակով. «Իրեն այնպես էր պահում, ոնց որ ինչ-որ լուրջ բան է ուզում պատմել. երևի այնտեղ արտառոց դեպք էր եղել»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքից անմիջապես հետո ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց` դրանով հայտարարելով, թե Անդրանիկն իր կամքով է հայտնվել իր սահմանում: Իսկ ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնապես հերքեց այդ տեսանյութի հավաստի լինելը` դա որակելով Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունը:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ հարազատները դեպքից հետո տեղեկացրել էին, որ Անդրանիկի ծնողները հոգեկան խնդիրներ ունեն, նա էլ իր հերթին որոշակի գանգատներ ունեցել է: Նրա՝ հակառակորդի սահմանն անցնելը կապում էին այս հանգամանքի հետ: Ամենայն հավանականության՝ հենց սա էլ եղել է մարտական հենակետն ինքնակամ լքելու պատճառը:




Լրահոս