«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը վաճառքի էր հանել հոր անտիպ արխիվը: Նա այդ քայլին դիմել էր, որպեսզի ստացված գումարով Երեւանում բացվի Համո Սահյանի արձանը, նրա ծննդավայրում` Սիսիանի շրջանի Լոր գյուղում` տուն-թանգարանը, եւ վերականգնվի գրողի հուշաքարը:
Ն. Սահյանի խոսքով` ինքը չորս տարի պայքարել է թանգարանի եւ Երեւանում գրողի արձանի բացման համար, սակայն ապարդյուն: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նաիրի Սահյանի կողմից բանաստեղծի արխիվը վաճառքի դնելուն, ասել էր. «Կարծում եմ՝ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որեւէ խնդիր լուծվի: Պետությունն ի զորու է դրանք լուծել»:
«Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե նախարարի խոսքից հետո գործն ինչ ընթացք է ստացել: Ն. Սահյանը մեզ տեղեկացրեց, որ Հասմիկ Պողոսյանն ընդունել է իրեն եւ խնդրել, որ արխիվին ձեռք չտա. «Նա ասաց, որ այն հարցերը, որոնք լուծելու համար ես արխիվը հանել էի վաճառքի, իրենք կլուծեն»:
Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ չորս տարվա պայքարից հետո նախարարը նոր միայն այսպես արագ արձագանքեց խնդրին, գրողի որդին պատասխանեց. «Դե հիմա, այդ մարդը խոսք տվեց, ես էլ հավատացի»:
Իսկ հարցին, թե խոստումը կատարելու համար նախարարը ժամկետներ սահմանել է, թե ոչ, Ն. Սահյանը պատասխանեց. «Ասաց` գարնանը տուն-թանգարանը բաց կանեն, Կասյան փողոցի հարցն էլ կլուծեն (նկատի ունի Համո Սահյանի` Կասյան 3 հասցեում գտնվող հուշաքարը, որն այսօր անմխիթար վիճակում է-հեղ.)»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե տուն-թանգարանի բացման հարցում Սյունիքի մարզպետարանն ինչ դեր կունենա. «Ես չեմ կարող ասել, չգիտեմ` իրենց հարաբերություններն ինչպիսին են (նախարարության եւ մարզպետարանի-հեղ.): Ես այդ մանր-մունր հարցերի մեջ չեմ մտել, չեմ էլ ուզեցել մտնել»:
Ն. Սահյանը նշեց, որ հոր անտիպ արխիվն իրեն չի պահելու. եթե բոլոր հարցերը լուծվեն, նա դա կնվիրի գրականության եւ արվեստի ինստիտուտի արխիվին. «Ես ոչ մի անձնական շահագրգռվածություն չունեմ: Հորս գործերն են, պետք է մնան ժողովրդին…»
Նշենք, որ այդ անտիպ արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սեւակի, Գեղամ Սարյանի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Գեւորգ Էմինի, Գարեգին Սեւունցի, Անդրեյ Տարկովսկու` Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաեւ` Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում հոդվածներ եւ այլն:
Աննա Բաբաջանյան