Թուրքական ԶԼՄ-ները հայտարարում են, որ ռուս զինծառայողներն ուժգնացրել են ներկայությունը երկրի սահմանի շուրջ, փոխանցում է «ՆՏՎ» հեռուստաընկերությունը:
Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, թուրքական ԶԼՄ-ները մտավախություն են հայտնում, որ ռուս զինծառայողները «շրջափակել են Թուրքիան»: Ընդ որում, «սենսացիոն բացահայտման» համար պարբերականը հղում է անում ՌԴ ՊՆ աղբյուրներին:
Հեռուստաընկերությունը նշում է, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Հայաստանում «Էրեբունի» ավիաբազան մարտական և տրանսպորտային ուղղաթիռներով համալրելու մասին:
Թուրքական ԶԼՄ-ները հիշեցնում են նաև «Հմեյմիմ» ավիաբազայի մասին, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական ինքնաթիռները՝ «Իսլամական պետության» դեմ օպերացիայի նպատակով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին Թուրքիան կործանեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Տեղի ունեցածի համար Թուրքիան հրաժարվեց ներողություն խնդրել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան