Ընթացիկ տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանություն տեղի ունեցավ: Սկզբում վարկած շրջանառվեց, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, ապա բացահայտվեց սարսափ առաջացնող դաժան իրականությունը. նրան, ըստ նախաքննական մարմնի, սպանել էին համածառայակիցները: Դեպքը ցնցել էր բոլորին:
Ինչպես հայտնի է, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է այս տարվա հունվարի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սկզբնական վարկածն ինքնասպանությունն էր: Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:
Փորձաքննություններից հայտնի է դարձել, որ որոշ զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին: Չբավարարվելով դաժան տեսարանից՝ զինվորները սեղմել են Հայկազի պարանոցը, ապա կոտրել ենթալեզվային ոսկորը։
Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները, տեղափոխել նրան զորամասի մարզահրապարակ և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն:
Եվ այժմ արդեն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում է գտնում կուրսանտի սպանության փաստով հարուցված քրեական գործը:
Պարզվում է` Հ. Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է մեկ գործ ևս: Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, դատավոր Հարությունյանին է մակագրվել կուրսանտին վերաբերող մեկ այլ գործ: 18-ամյա կուրսանտ Կարեն Բաղրամյանը ևս ամբաստանյալի աթոռին է հայտնվել: Այսպես, Հայկազ Բարսեղյանը սպանությանը նախորդող օրը Բաղրամյանի կողմից ծեծի է ենթարկվել՝ սկզբում ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, ապա՝ համաձառայակիցը գտել է, որ Հայկազը խանգարել է իր հանգտիստը: Արդյունքում` կուրսանտները վիճաբանել են:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ նույն զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մարտկոցի կուրսանտ, շարքային Կարեն Բաղրամյանը Հայկազ Բարսեղյանի սպանությանը նախորդող օրը՝ հունվարի 28-ին` ժամը 07:40-ի սահմաններում, ննջարանը մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Բարսեղյանի հետ: Վիճաբանության ընթացքում բռնության գործադրմամբ Բաղրամյանը հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ, Կարեն Բաղրամյանը նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ կրկին բռնություն է գործադրել Հայկազ Բարսեղյանի նկատմամբ և կրկին հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: