Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին չբացառեց, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում խախտումներ եղել են, սակայն ընդգծեց, որ իրենց վստահված անձինք կարողացել են պահպանել ընտրակեղծիքների չանցկացումը:
«Մենք պետք է դատենք փաստերով: Մենք ունենք վերահաշվարկի ենթարկված 78 ընտրատեղամաս: Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ այս ընտրատեղամասերից յուրաքանչյուրում 500 ձայն է կեղծվել, մենք կունենանք 40 հազար ձայն, և իրավիճակը չի փոխվի», – ըդնգծեց նա` հավելելով, որ գրգռվածությունը, չփաստարկված հայտարարությունները լինելու են, և դրանից չի կարելի խուսափել:
Վարդանյանն ափսոսանք հայտնեց, որ այս հանրաքվեով չկարողացանք մեծացնել վստահությունը հանրաքվեի հանդեպ: Անդրադառնալով ընդդիմախոսներին` նա հայտարարեց. «Թող իրենք իրենց նայեն, տեսնեն` իրենք քանի տեղամասում են կարողացել օրինականություն ապահովել, դաշնակցությունը` քանի տեղ: Չի կարելի մեղադրանքներով որևէ հարց լուծել, սա հո առաջին անգամը չէ՞»: