Չի եղել մի ամիս, որ դաշնակցության մասին վատ բան չասեն: Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեից հետո դաշնակցության մասին հնչող քննադատություններին` այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Եթե մենք հետևենք, թե ով ինչ է ասում մեր մասին, ապա մենք կդադարենք ուժ լինելուց: Մենք գիտենք մեր ճանապարհի հստակությունը և գիտենք, թե ինչպես է դա արվում: Կլինեն քննադատողներ, և կլինեն նաև օբյեկտիվ քննադատողներ: Քննադատությունը սպանում է, եթե դու չունես քո մոտեցումները, իսկ եթե ունես, դա ավելի ուժեղ է դարձնում», – հավելեց Վարդանյանը:
Անդրադառնալով այն փաստին, որ նախկինում դաշնակցությունը պայքարել է իշխանությունների հետ, հիմա հավատում է հանրաքվեին, Վարդանյանը նշեց` ով է ասում, որ հավատում են իշխանություններին:
«Սակայն այս հանրաքվեն իր տարբերությունն ուներ, քանի որ մենք չէինք կարող շտաբ ստեղծել ընդդիմության հետ, քանի որ նրանք դեմ էին փոփոխություններին: Մենք երկու տարի աշխատել ենք, 20 տարի հետապնդել ենք և ամեն ինչ արել ենք, որ այս հանրաքվեն անցնի», հավելեց նա: