Մարզերի «Այո»-ների գաղտնիքը. Գեղարքունիքում «թիվ են խփել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները սովորականի պես շարունակում են ձեւացնել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նորմալ է անցել, եւ արտառոց ոչինչ չի եղել, սակայն նույնիսկ պաշտոնական թվերը բոլորովին այլ բանի մասին են վկայում: Հայաստանի ընտրողների ցուցակի ուռճացված լինելու փաստն ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն ունի:

Սակայն մի կողմ թողնենք ոչ պաշտոնական հաշվարկները եւ փորձենք խնդրին մոտենալ` հիմքում ունենալով միայն պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը նշված թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 871 հազար մարդ: Վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթել է տարեկան միջինը 40 հազար մարդ, մահացությունների թիվը տարեկան կազմել են մոտ 27 հազար մարդ: Այսինքն՝ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանի ընտրողների թիվը չէր կարող ավելին լինել, քան մարդահամարի թվերով բերված տվյալներն են: Հետեւաբար, եթե մարդահամարի ընդհանուր թվից հանենք 2011 թվականի տվյալներում մինչեւ 14 տարեկան երեխաների թիվը, ապա կստանանք ընտրող բնակչության պաշտոնական թիվը: Հանրապետության կտրվածքով այդ թիվը կազմում է 2 մլն 317 հազար: Կրկնում ենք՝ սա այն թիվն է, որն իր մեջ ներառում է նաեւ վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթած ավելի քան 200 հազար քաղաքացիներին եւ մոտ 100 հազար մահացածներին:

Բայց որպեսզի իրավիճակն առավել հասկանալի լինի, Գեղարքունիքի մարզի առավել մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների օրինակով ցույց տանք ընտրական տարիքի բնակչության պաշտոնական թվի եւ նույն բնակավայրերի ընտրացուցակների թվի տարբերությունը: Աղուսյակում առաջին սյունակում նշված է, թե ըստ պաշտոնական տվյալների՝ տվյալ համայնքն ընտրական տարիքի քանի բնակիչ ունի, ընտրական ցուցակներում ընտրողների թիվը որքան է, եւ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով այդ համայնքներում քվեարկության մասնակցությունը որքան է եղել:

համայնք               ընտ-բնակիչ    ընտ-ցուցակ              մասնակց.
Գավառ                  15,3 հազ.         22 հազ.                        821 9 հազ. 516
Սեւան                    14,1 հազ.         19 հազ. 304                 12 հազ. 622
Մարտունի            9,3 հազ.          10 հազ. 46                   6 հազ. 151
Վարդենիս             9,9 հազ.          10 հազ. 113                  4 հազ. 462
Ճամբարակ            4,4 հազ.          5 հազ. 498                   3 հազ. 293
Սարուխան            4,3 հազ.           5 հազ. 910                   2 հազ. 901
Գեղահովիտ          3,9 հազ.           4 հազ. 495                   1 հազ. 722
Երանոս                   2,4 հազ.           3 հազ. 772                   1 հազ. 997
Զոլաքար                  4,4 հազ.           4 հազ. 914                  3 հազ. 259

Գեղարքունիքն այն մարզերից է, որտեղ իշխանությունները, կարելի է ասել, «թիվ են խփել»: Ընդհանուր մասնակցությունը մարզում պաշտոնապես արձանագրված թվերի համաձայն՝ եղել է 99 հազար 226, որից 76 հազարը կամ 77 տոկոսը գրվել է այո-ի օգտին, իսկ 20,5 հազարը կամ 21 տոկոսը` ոչ-ի:

Ի դեպ, վերը բերված բնակավայրերը պատահական չենք արձանագրել, դրանցում իշխանությունները շռնդալից «հաջողության» են հասել: Այդ համայնքների տեղամասերի գերակշռող մեծամասնությունն իշխանությունները փաստացի որքան ցանկացել, այնքան էլ այո են գրել: Այս համայնքներն առանձնանում են նաեւ նրանով, որ դրանցում ընդդիմության կողմից վերահսկողությունը կա՛մ ընդհանրապես չի եղել, կա՛մ էլ շատ թույլ է եղել, ինչը գործնականում որեւէ արդյունք չի տվել:
Հաջորդիվ կներկայացնենք մյուս մարզերում առկա իրավիճակը եւ գրանցված այո-ների «գաղտնիքը»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս