Այսօր ռուս մեծ գրող Վալերի Բրյուսովի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից Վալերի Յակովլևիչ Բրյուսովը ծնվել է 1873 թվականի դեկտեմբերի 13-ին Մոսկվայում:

1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայ պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Հայոց ցեղասպանությունից տուժածներին։

Դեռ ուսանողական տարիներին՝ 1894-1895-ին, լույս է ընծայել երեք չափածո ժողովածու՝ «Ռուս սիմվոլիստներ» խորագրով, որտեղ զետեղված էին հիմնականում նրա գործերը՝ գրված Պ. Վեռլենի, Ա. Ռեմբոյի և ուրիշների ազդեցությամբ։ Գրական ասպարեզ մտնելուց հետո, շատ չանցած, ճանաչվել է ռուսական սիմվոլիզմի առաջնորդ։

Իր բանաստեղծություններում և հոդվածներում Բրյուսովը քարոզում էր «Մաքուր արվեստի» տեսություն, անհատապաշտություն, հանդես էր գալիս ռեալիզմի դեմ։ Բայց արդեն նախահեղափոխական տարիներին Բրյուսովի ստեղծագործության մեջ երևան եկան երանգներ, որոնք նրան տարբերում էին մյուս սիմվոլիստներից։

Մի շարք բանաստեղծություններում /«Ի պատասխան», «Քարտաշը», «Աշխատանք»/ նա գովերգում էր ստեղծագործական աշխատանքը ցույց տալիս կյանքի սոցիալական հասկացությունները, կանխատեսում հեղափոխության անխուսափելիությունը։ Բրյուսովի ստեղծագործության մեջ այս մոտիվներն ամրապնդվում էին Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալմանը համեմատ։ Սակայն Բրյուսովը հեղափոխության խնդիրներն ըմբռնում էր միակողմանի և, ըստ էության, անարխիստորեն, տեսնում ու փառաբանում էր միայան նրա կործանարար կողմը՝ չկռահելով հասարակության զարգացման օրինաչափությունները։

Բազմազան ու արգասավոր է եղել Բրյուսովի գրական գործունեությունը։ Իր գրական կյանքի 30 տարում հրապարակել է ավելի քան 80 գիրք՝ բանաստեղծությունների, պատմվածքների, թարգմանությունների ու քննադատական ժողովածուներ, վեպեր, պիեսներ, ուսումնասիրություններ։ Բրյուսովը, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո, որն ընդունեց անվերապահորեն ու ջերմորեն ակտիվորեն ներգրավվեց սովետական գրական-հասարակական և կուլտուրա-լուսավորական աշխատանքի մեջ։

Նա ղեկավարել է Մոսկվայի գրապալատը, ՌՍՖՍՀ լուսժողկոմատի գիտական գրադարանների, ապա նաև գրական բաժինը, ակտիվորեն մասնակցել Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությանը, դասախոսել կոմունիստական ակադեմիայում և Մոսկվայի համալսարանում։ 1921 թվականին Բրյուսովը հիմնադրել է գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտը, որին 1923-ին շնորհվեց նրա անունը։ Այդ ինստիտուտի ռեկտոր եղած տարիներին Բրյուսովը դասավանդել է մի շարք առարկաներ՝ ռուս և անտիկ գրականությունների պատմություն, տաղաչափություն, հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն, նույնիսկ՝ մաթեմատիկայի պատմություն։

Ետհոկտեմբերյան տարիներին լույս տեսած «Վերջին երազանքները» 1920 թվականին, «Այդպիսի օրերին» 1921 թվականին ժողովածուները։ Բրյուսովին բնութագրում են որպես սովետական պոեզիայի հիմնադիրներից մեկի։ Նա սովետական պոեզիայում առաջիններից մեկն էր, որ երգեց Հոկտոմբերյան հեղափոխությունն ու նրա առաջնորդին, հեղափոխական դարաշրջանի մեծ իրադարձությունները։




Լրահոս