ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնում իր ելույթի ժամանակ հերթական անգամ հավաստիացրել է ամերիկացիներին, որ ԱՄՆ-ն «սեղմել է իսլամիստների սիրտը»՝ «վիրահատական հարվածներ» հասցնելով: Սակայն NBC հեռուստաալիքի և Wall Street Journal պարբերականի անցկացրած վերջին հարցման համաձայն` ամերիկացիների մեծ մասը չի հավատում ահաբեկիչների դեմ պայքարի հարցով ԱՄՆ-ի նախագահի ռազմավարությանը, և վերջինիս վարկանիշն ահաբեկչական սպառնալիքի ֆոնին անկում է ապրում:
Նախագահի պաշտոնում Օբամայի աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացիների 43%-ը, այն դեպքում, երբ մոտ 51%-ն այն «ոչ բավարար» է համարում:
Կալիֆոռնիայի Սան-Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ ամուսինները 14 մարդու սպանեցին, ամենախոշորն էր ԱՄՆ-ի տարածքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այդ իսկ պատճառով ահաբեկչության դեմ պայքարն ավելի շատ է սկսել մտահոգել ամերիկացիներին:
Սոցիոլոգները նաև խնդրել են ամերիկացիներին նշել 2015թ. ամենակարևոր իրադարձությունները: Ամենատարածված պատասխաններից են՝ Փարիզի և Սան Բերնարդինոյի ահաբեկչական հարձակումները, երրորդ տեղում են ԱՄՆ-ի տարածքում զանգվածային սպանությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան