ՄԱՐԴԻԿ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ ծանոթացել է մարզում միջհամայնքային նոր աղբավայրի կառուցման համար առաջարկվող տարածքին:  «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նոր աղբավայր կառուցելու միակ պատճառը Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինեգործական  ընկերության բողոքն է, քանի որ գործող աղբավայրը գտնվում է հենց ընկերության հարեւանությամբ: Մինչդեռ այդ աղբավայրը խանգարում է ոչ միայն տվյալ ընկերությանը, այլեւ հարակից համայնքներին:
Նշենք, որ Ա. Գեւորգյանը մարզպետ Ս. Սահակյանի, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի եւ այլ պատասխանատուների հետ քննարկել է Աշտարակ քաղաքին եւ շրջակա  գյուղերին սպասարկող գործող աղբավայրի փակման եւ նորի կառուցման հնարավորությունները:
Գործող աղբավայրը գտնվում է քամիների մշտական հոսանքի տակ, ինչը խնդիրներ է առաջացնում դրա` բնապահպանական նորմերին համապատասխան շահագործման առումով: Նոր աղբավայրն առաջարկվում է կառուցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքում` Երեւան-Աշտարակ մայրուղուց աջ ընկած հատվածում: Մարզպետը նշել է, որ տարածքն ընտրվել է տեղական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում:
Ա. Գեւորգյանը կարեւորել է նոր աղբավայրի` սահմանված բոլոր պահանջներին եւ բնապահպանական նորմերին  համապատասխան կառուցումը, որի ծրագիրը պետք է ներկայացվի  բնապահպանական փորձաքննության, ինչպես նաեւ պետք է քննարկվի համայնքի ավագանու կողմից: Իսկ աղբավայրի շահագործման հետ կապված պատասխանատվությունը պետք է ստանձնեն նաեւ հետագայում դրանից օգտվող մյուս համայնքները:
Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նոր աղբավայր կառուցելու միակ պատճառը եղել է այն, որ գործողը խանգարել է «Արմենիա վայն» գինեգործությամբ զբաղվող ընկերությանը: Մինչդեռ այն շատ վնասներ է հասցնում ոչ միայն Սասունիկ համայնքին, այլեւ Օշականին եւ Արմավիրի մարզի Դաշտ, Շահումյան համայնքներին: Խնդրի առնչությամբ զրուցեցինք «Արմենիա վայն» ընկերության տնօրեն Արթուր Հարությունյանի հետ: «Բնական է, որ խանգարում է, քանի որ այն մեզ մոտ է գտնվում, ու տհաճ է այդ ամեն ինչը: Բայց ես տեղյակ չեմ` այդ հարցն ընկերության կողմից երբեւէ ինչ-որ տեղ քննարկվել է, թե ոչ»,-ասաց նա:
Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի խոսքով՝ գործող աղբավայրը խանգարում է ոչ միայն «Արմենիա վայն»-ին, այլեւ հարեւանությամբ գտնվող համայնքների բնակիչներին:  «Ուզում ենք տեղափոխել բնակավայրից հեռու մի տարածք՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության Աշտարակի հենակետի դիմաց, բայց շատ հեռու խորքում, մարդկանցից էլ է հեռու, որտեղ այգիներ չկան: Մի հոգի, հնարավոր է, մեկ-երկու ծառ ունենա այդտեղ, բայց դե ձգտում ենք, որ փակ աղբավայր լինի»,-ներկայացրեց մարզպետը՝ հավելելով, որ նոր աղբավայր կառուցելու ծրագիրը դեռ պետք է քննարկվի: Իսկ թե արդյոք այն հավանության կարժանանա կամ կկառուցվի, դեռ հայտնի չէ:
Սասունիկի համայնքապետ Արման Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ գործող աղբավայրը տասնյակ տարիներ է` կա եւ մշտապես խանգարել է բնակիչներին. «Աղբի համար փորված փոսերն արդեն լցվել են աղբով, իսկ մի որոշ ժամանակ անց ճանապարհը կլցվի: Ուժգին քամիների դեպքում էլ թղթի եւ ցելոֆանե թափոնները լցվում են հարակից գյուղերը, ու տհաճ հոտ է տարածվում: Մեր գյուղում մենք չենք կարողանում դրսում հանգիստ նստել ու մաքուր օդ շնչել»:
Շահումյան համայնքի ղեկավար Հարություն Նավասարդյանը նույնպես դժգոհ է գործող աղբավայրի գոյությունից: Նրա խոսքով, երբ մարդիկ այրում են աղբը, ամբողջ ծուխը լցվում է իրենց համայնք:  
Աղբավայրերն արտաքին միջավայրն աղտոտում են թունաքիմիկատներով, ծանր մետաղների աղերով, լուծիչներով, մեթանով, ածխաթթու գազով, ծծմբի օքսիդով եւ այլ վնասակար նյութերով, բացի այդ, աղբավայրը նպաստում է համաճարակների տարածմանը, քանի որ այնտեղ լինում են նաեւ առնետներ, թափառական շներ, կատուներ, ագռավներ եւ միջատներ:  Եվ որպեսզի աղբի քանակը կրճատվի, մարդիկ ստիպված այն այրում են: Այրման միջոցով աղբը ոչնչացնելիս արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասակար միացություններ, որոնք օդի, ջրի, սննդի միջոցով անցնում են մարդու օրգանիզմ եւ ազդում էնդոկրին, իմունային, նյարդային, վերարտադրողական ֆունկցիաների վրա, առաջացնում չարորակ ուռուցքներ, բնածին արատներ, անպտղություն եւ այլ հիվանդություններ:
Արտանետված թունավոր նյութերը փոքր քանակությամբ տարիների ընթացքում կուտակվում են մարդու օրգանիզմում, չեն քայքայվում եւ հանգեցնում են լուրջ հիվանդությունների: Մետաղական թթուների թաղման վայրի տարածքից ոչ հեռու ապրող մարդկանց մոտ բարձր է ականջի հիվանդությունների, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, անգինայի, մաշկային հիվանդությունների հաճախականությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս