Ինչպես են ընտրակեղծիքները վնասում մեր երկրին. ԱՄՆ-ի դեսպանատունն արդեն խոսում է ՀՀ գործիչների «սև ցուցակ» կազմելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակեղծարարությունը, թերեւս, միակ հանցատեսակն է, որը ՀՀ-ին կրկնակի վնաս է պատճառում: Ընտրատեղամասերում իշխանության համար այո լցրած թաղային խուժանն անգամ չի էլ գիտակցում, թե իր այդ գործելաոճի արդյունքում ինչ հարվածի տակ է դնում մեր երկիրը:

Ընտրակեղծարարության արդյունքում մի կողմից՝ աղավաղում են ՀՀ-ի ներհասարակական եւ ներպետական հարաբերությունները, ընտրողը` որպես արժեք, վերանում է, միեւնույն ժամանակ՝ ընտրակեղծարարությունը, որը մեզ մոտ լայնածավալ եւ կազմակերպված բնույթ է կրում, ՀՀ-ին հերթական հարվածն է հասցնում: Ինչպե՞ս, բացատրենք: Պետությունն արտաքին աշխարի հետ շփումներում թուլանում է, եւ, ամենակարեւորը, ամեն կեղծված ընտրություն հերթական լիցքն է տալիս մեր հակառակորդին` Ադրբեջանին, որը հետագայում այդ երկրի կողմից օգտագործվում է մեր պետության դեմ:

Ամեն մի քվեաթերթիկ կեղծելը նույնն է, թե կեղծարարը Ադրբեջանին 1-ական փամփուշտ նվիրի` իր երեխային գնդակահարելու համար: Առաջին հայացքից վերը բերված համեմատությունը կարող է չափազանցություն թվալ, բայց իրականում ոչ մի չափազանցություն էլ չկա:

Հանրահայտ իրողություն է, որ մինչեւ 1996 թ նախագահական ընտրությունները, երբ առաջին անգամ ՀՀ-ի ընտրողի կամքն աղավաղվեց, Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Ու պատահական չէր, որ ՀՀ-ին թույլատրվեց Ադրբեջանից պաշտպանել իր քաղաքացիներին, ազատագրել հարյուրամյակներով օտարի տիրապետման տակ գտնվող իր հողերը եւ այսպես շարունակ: Իսկ պատճառն այն է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին` մինչեւ 1996-ը, Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ էր համարվում: Ըստ այդմ, աշխարհի աչքերում քաղաքակիրթ եւ ժողովրդավար ՀՀ-ն իր հայրենակիցներին պաշտպանում էր ժողովրդավարության հետ աղերս չունեցող ֆաշիստական Ադրբեջանից, քանի որ այդ երկրում մարդիկ միայն իրենց ազգության համար կարող են սպանվել:

Սակայն ամեն կեղծված ընտրությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն դնող նշաձողն ավելի ամրացավ: Արդյունքում արդեն ունենք մի իրավիճակ, որ ողջ արտաքին աշխարհը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի տարբերություն չի դնում: Երկու երկրներն էլ ընկալվում են իբրեւ տոտալիտար կառավարման համակարգ ունեցող երկրներ: Իհարկե, կարող ենք մեզ հույս տալ, որ Ադրբեջանում ավելի կոշտ դիկտատուրա է, բայց համոզված եղեք՝ արտաքին աշխարհի համար Հայաստանը եւ Ադրբեջանը վաղուց գտնվում են նույն հարթությունում:

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ պատվիրակությունը քվեարկությունից հետո հանդես էր եկել խիստ քննադատությամբ: Իհարկե, ընտրակեղծիքների դեմ կռիվ տվող ՀՀ քաղաքացիներս այդ փաստը գոհունակությամբ ընդունեցինք, բայց ողջ խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ի այդ մոտեցումն ընդամենը հեռահար քաղաքական քայլ էր, որպեսզի Հայաստանը չկարողանա այդ կառույցին մեղադրել երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Հայտնի է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկելու է հակահայկական` «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցը: ԵԽԽՎ պատվիրակները հանրաքվեի կեղծված լինելը մատնանշելով՝ վերահաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարման նույնականությունը: Նման պայմաններում ԵԽԽՎ-ի պատվիրակների կողմից ադրբեջանական լոբբի ֆինանսներից օգտվելն ամենեւին չի կարող դիտվել իբրեւ դատապարտելի երեւույթ:

Ի դեպ, նկատենք, որ ԵԽԽՎ-ի եվրոպացի պատվիրակներն այս կամ այն խնդրի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս երկու գործոն են հաշվի առնում. տվյալ հարցի վերաբերյալ իրենց պետության դիրքորոշումը եւ կրկին իրենց ընտրողների հնարավոր արձագանքը: Այս երկու գործոններից ամենահզորը, սակայն, ընտրողներն են: Համոզված եղեք, որ ոչ մի եվրոպացի պատգամավոր երբեւէ չի համարձակվի որեւէ փաստաթղթի կողմ քվեարկել, եթե մտավախություն ունենա, որ ընտրողներն իրեն կմեղադրեն կոռումպացված երկրի շահերը սպասարկելու համար` ի վնաս ժողովրդավարական երկրի քվեարկելու մեջ: Եվրոպացի պատգամավորը շատ լավ գիտի, որ երկու տոտալիտար երկրներից մեկի շահերը սպասարկելու դեպքում իր ընտրողի համար միեւնույն է՝ որ երկրի շահքը կսպասարկի:

Իսկ ամենավատն այն է, որ արտաքին աշխարհում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «հավասարության» նշան դնելու հանգամանքը հայկական սփյուռքի գործոնը փաստացի դարձնում է զրոյական: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես պետք է եվրոպական երկրների հայ համայնքների ներկայացուցիչներն իրենց պատգամավորներին ստիպեն, որ նրանք ադրբեջանական լոբբին չտրվեն: Նման փաստարկ կարող էր լինել միայն ՀՀ-ի, ժողովրդավարական, իրավական պետություն լինելը, բայց դրա բացակայության պայմաններում սփյուռքը փաստացի անզոր է: Եվրոպական երկրներում, որտեղ դարեր ի վեր մեկը մյուսից հողեր են խլել, «պատմական արդարության» մասին ցանկացած ակնարկ կընկալվի առնվազն իբրեւ մանկամտություն:

Այսինքն՝ այն տեսակետը, որ ընտրակեղծարարությունն ավելի ծանր հանցագործություն է, քան պետական դավաճանությունը, ամենեւին էլ չափազանցված չէ:

Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ երեկ ԱՄՆ դեսպանատունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ նոր հայտարարություն տարածեց: Այդ հայտարարության մեջ մասնավորապես ուշագրավ է հետեւյալ դիտարկումը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանատունն ուղղակի հայտարարում է, որ ՀՀ-ի գործիչների «սեւ ցուցակ» է կազմելու: Սա եւս մեկ քայլ է, որպեսզի միջազգային ասպարեզում «մերժված» երկրների ցանկում Հայաստանն իր հաստատուն տեղը զբաղեցնի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս