Դեկտեմբերի 16-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ փաստաթղթով նախատեսվում է, որ Եվրասիական զարգացման բանկը 20 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 300 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ ուղղված հիմնական կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:
Պատգամավորները նաեւ քննարկել են 2015 թվականի մայիսի 14-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Երեւան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է երկու պետությունների ժողովուրդների կրթության եւ մշակույթի զարգացման գործում ստեղծել փոխգործակցության համար առավել բարենպաստ պայմաններ: Համաձայնագիրը մասնավորապես կնպաստի գիտական եւ նորարարական գործունեության իրականացմանը, համալսարանում սովորողների կրթական, գիտական եւ արտադրական պրակտիկայի կազմակերպմանն առաջատար ուսումնական եւ գիտական կենտրոններում:
Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: