Արտառոց դեպք Հայաստանում. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքն աթոռակռվի պատճառով վերացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ օրեր առաջ Մշակույթի նախարարությունում որոշում է կայացվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Այսպիսով, Հայաստանը, մեծ հաշվով, գլխավոր դիրիժոր չունի, իսկ այս հանգամանքը ամբողջ աշխարհում չլսված-չտեսնված երևույթ է:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս վերանշանակված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը կատարվածում իր «ներդրումն» է ունեցել: Սա, կարելի է ասել, նրա միջնորդությամբ է կատարվել:

Ինչպես հայտնում են մեր աղբյուրները՝ նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ որոշ շահագրգիռ կողմեր ցանկություն են հայտնել գլխավոր դիրիժորի պաշտոնում տեսնել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանի որդուն:

Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնի կառավարման խորհրդի անդամ, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին բազմիցս «բարիով» հորդորել են հեռացման դիմում ներկայացնել, սակայն նա, բնականաբար, չի համաձայնել: Իսկ նրան հեռացնել չէին կարող, քանի որ Կարեն Դուրգարյանը խորհրդի անդամ էր:

Եվ հանգուցալուծումն ահա այսպիսին եղավ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նմանատիպ պատմությունների մեջ ժամանակին ընկել է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հավելենք, որ Օպերայի կանոնադրության մասին որոշումը երեք օր առաջ է կայացվել, իսկ պետռեգիստրում հաստիքի վերացման մասին որոշումը հաստատվել է երեկ:

Եվ այն ժամանակ, երբ Սերգեյ Սմբատյանն արդեն իսկ կարողանա անխափան «գործի անցնել», հաստիքը կվերականգնվի:

Ի դեպ, դեռևս չճշտված տեղեկություններ կան այն մասին, որ այս պատմության մեջ մասնակիցների թիվը բավականին մեծ է: Այսպես, ըստ լուրերի՝ շոշափվում է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի անունը. ասում են, թե իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ով ռեկտորի դստեր ապագա ամուսինն է, հավակնում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարձր պաշտոններ զբաղեցնել:

Մեր ունեցած տեղեկությունների հավաստիությունը փորձեցինք պարզել ՀՀ մշակույթի նախարարությունից: Մեր հարցերին խոստացան պատասխանել վաղը:




Լրահոս