Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
«Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ գործընկերային կապեր հաստատելու նաև Երևանի և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքների միջև: Ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ առկա է համագործակցության մեծ ներուժ` Երևանի և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքների միջև հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, առավել ևս հաշվի առնելով երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպանների կողմից տարվող հետևողական աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և ԱՄԷ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Նաև նշեմ, որ իսկապես տպավորված եմ Երևանի զարգացման տեմպերով, և պետք է խոստովանեմ, որ ունեք բարեկարգ, մաքուր ու հարմարավետ քաղաք, ինչն արձանագրում են նաև մեր երկրից Երևան ժամանած զբոսաշրջիկները»,- նշել է Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:
Շնորհակալություն հայտնելով փոխգործակցության պատրաստակամության համար և իր հերթին կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում քննարկելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման ցանկացած նախաձեռնություն:
Հանդիպման շրջանակում ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել հաջորդ տարվա ապրիլին ԱՄԷ-ում կայանալիք ամենամյա ներդրումային կոնֆերանսին մասնակցելու հրավերը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետի փորձն իսկապես կարևոր է իրենց համար: Դեսպանը նաև նկատել է, որ քաղաքապետի այցը հրաշալի առիթ կլինի նաև ԱՄԷ-ի քաղաքների հետ կապեր հաստատելու առումով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն