Վարդան Օսկանյանի եվ Լեվոն Զուրաբյանի գաղտնազրույցի համար դիմել են ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube .com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է “Google Inc.ե “YouTube .LLC” կազմակերպություններին։
Ինչպես “Ա1+”-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին՝ այս կերպ պարզելու համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ։
Ըստ ՀՔԾ-ի՝ միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:
“Որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ”,- հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին “Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։ Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները:
Պատգամավորները, թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։




Լրահոս