Դեկտեմբերի 16-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքում իր աշխատանքը շարունակեց «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 3-րդ միջազգային համաժողովը:
Արդեն երկրորդ օրն է, որ միջազգային այս համաժողովը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի լրատվամիջոցների, միջազգային, հասարակական ու լրագրողական կազմակերպությունների համար քննարկելու աղետների ռիսկի նվազեցման բնագավառում լրատվական դաշտի ներգրավման հնարավորություններն ու հեռանկարները:
Աշխատանքային օրը մեկնարկեց միջազգային հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչների զեկույցներով, որոնք նվիրված էին աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նիստը վարում էր ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
Մարգարիտա Պաչեկոն ներկայացնում էր Կոլումբիայի «Կանալ Կապիտալ» լրատվական գործակալությունը: Նրա զեկույցի թեման էր՝ «Քո մայր բնությունը. հեռուստատեսության ուժը Կոլումբիայում ԱՌՆ և բնապահպանական խնդիրների հանրային իրազեկման համար» թեմայով: Մ. Պաչեկոն ներկայացրեց Կոլումբիայում հեռուստատեսության հնարավորությունները հանրային իրազեկման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացին նպաստելու տեսանկյունից: Կոմումբիայի օրինակով նա ցույց տվեց հանրային գիտակցության վրա լրատվամիջոցների ահռելի ազդեցությունն աղետների ռիսկի նվազեցմանն գործին ծառայեցնելու անհրաժեշտությունը:
Հաջորդ բանախոսը Չինաստանի միջազգային ռադիոյի Արևելաեվրոպական գրասենյակի ղեկավար Ժիյուան Լին էր: Նա ներկայացրեց «Սոցիալական պատասխանատվություն. ԶԼՄ-ների դրական դերն ԱՌՆ հարցում» թեմայով զեկույց: Չինական խոշոր լրատվական ցանցն ունի հսկայական ծածկույթ և ունկնդիրներ մեծ լսարան, և այդ իսկ պատճառով հանդիսանում է հանրության հետ կապի, անհրաժեշտ տեղեղկատվության փոխանցման, ինչպես նաև Սենդայի ծրագրի ու աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն հարթակ:
Հանրահայտ «Բի-Բի-Սի» (BBC) լրատվական գործակալությունը ներկայացնող Լիզա Ռոբինսոնը խոսեց աղետների ռիսկի նվազեցման ու հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում հիմնադրամների և ՀԿ-ների դերի մասին: Նա կարևորեց ԶԼՄ-ների դերը որպես տեղեկատվության փոխանցման գործիք՝ նշելով, որ չափազանց կարևոր հանգամանք է օգտակար փորձը հանրայնացնել և դարձնել հասարակության համար մատչելի, քանի որ նման օրինակները կարող են ոգևորող լինել հասարակության համար:
Աֆրիկայի լրագրողների ԱՌՆ ցանցը (DIRAJ) ներկայացնող Դեյվիդ Օուինոյի զեկույցի թեման էր «Տարածաշրջանային լրագրողների ցանցի կարողությունների մեծացումը»: Խոսելով լրագրողական համայնքի անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածության մասին՝ նա բարձրաձայնեց մի քանի կարևոր խնդիր: Մասնավորապես՝ ոչ միայն աղետից հետո լուսաբանելու լրագրողի կարողությունը, այլև՝ աղետի ռիսկի նվազեցման ուղղությամբ լրագրողի կատարած նախնական աշխատանքը:
Խմբային աշխատանքի համար պատվիրակները բաժանվեցին երեք խմբի, որոնցից առաջինի խնդիրն էր ԶԼՄ-ների և հանրային իրազեկման Սենդայի ծրագրի հրահանգների փոխակերպումը հստակ գործողությունների: Երկրորդ խումբը զբաղվում էր աղետների ռիսկի նվազեցման և հանրային իրազեկման միջազգային աշխատանքային խմբի հիմնադրույթների մշակմամբ: Երրորդ խմբի հիմնական խնդիրն էր աղետների ռիսկի նվազեցման և հանրային իրազեկման միջազգային աշխատանքային խմբի երկամյա գործողությունների պլանի մշակումը:
Փորձագետների միջև մտքերի փոխանակումից հետո յուրաքանչյուր աշխատանքային խումբ հանդես եկավ ավարտական զեկույցով, որի ժամանակ հնչեցին համաժողովին հաջորդող քայլերի վերաբերյալ կառուցողական առաջարկներ: ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանն առաջարկեց ձևավորել մշտական աշխատանքային խումբ, որը հնարավորություն կտա անընդհատ վերլուծել և քննարկել Սենդայի գործողությունների ծրագրի իրականացումն ու գրանցած արդյունքները:
Համաժողովի ավարտին մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին շարունակել համատեղ քննարկումներն ու աշխատանքը՝ աղետների ռիսկի նվազեցման և հանրային իրազեկման միջազգային աշխատանքային խմբի ձևավորման ու գործողությունների մշակման ուղղությամբ: