Երևանում անց է կացվել հայ-ղազախական գործարար համաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 9-ին Երևանում անց է կացվել հայ-ղազախական գործարար համաժողով, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը, Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

«Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության բարձր ներուժի առկայության մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 100,4 մլն ԱՄՆ դոլար՝ 2022 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,4 անգամ։ Վստահ եմ, որ երկկողմ համագործակցության ակտիվացումը զգալիորեն կնպաստի այդ ցուցանիշի բարձրացմանը», – նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությանը, ոլորտի առաջնահերթություններին, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Երկու երկրների գործարարների միջև տեղի են ունեցել B2B ձևաչափով հանդիպումներ, ստորագրվել են մի շարք պայմանագրեր և հուշագրեր։




Լրահոս