Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության գործով դատական քննությունը:
Ինչպես հայտնի է՝ վերջին երկու դատական նիստերը հետաձգվել են, իսկ դատավարության մեկնարկն ընթացել է բավականին լարված մթնոլորտում:
Այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ մի քանի պաշտպաններ ներկա չէին դատական նիստին: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին: Նախագահող դատավորը պաշտպան Արա Ղազարյանի բացակայությունը անբարեխղճություն որակեց` նշելով, որ հերթական անգամ բացակայելը և դրա մասին դատարանին նիստից րոպեներ առաջ հայտնելը ոչ բարեխիղճ վերաբերմունք է դատարանի նկատմամբ:
Նիստի ավարտից հետո լրագրեղների հետ զրույցում Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը նշեց, որ 6 կուրսանտ տեսել է, որ Հայկազին Գնելն է դանակահարել:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանություն տեղի ունեցավ: Սկզբում վարկած շրջանառվեց, թե կուրսանտ Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, ապա բացահայտվեց սարսափ առաջացնող դաժան իրականությունը. նրան, ըստ նախաքննական մարմնի, սպանել էին համածառայակիցները:
Դեպքը ցնցել էր բոլորին: Ինչպես հայտնի է, Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերվել է այս տարվա հունվարի 29-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում՝ մահացած։ Սկզբնական վարկածն ինքնասպանությունն էր:
Կուրսանտի ծնողները վստահեցնում էին, որ իրենց որդին նման քայլի չէր կարող դիմել: Պարզվեց՝ նրանք չէին սխալվում: Կուրսանտը նախքան պարանին հայտնվելը մահացած է եղել: Հարազատները պնդում էին, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին:
Ինքնասպանության իմիտացիա ստեղծելու նպատակով զինծառայողները հագցրել են դաժանության զոհ դարձած համածառայակցի հագուստները, տեղափոխել նրան զորամասի մարզահրապարակ և կախել պտտաձողից: Առանձնակի դաժանությամբ սպանության մեջ որպես մեղադրյալներ են ներգրավվել նույն զորամասի զինծառայողներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով: Այն է՝ առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանություն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում` քիչ ուշ: