Դերասան, երգիչ Ավո Խալաթյանը երգարվեստից հեռացել է, այն էլ` անվերադարձ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է դրա պատճառներից, պատմել իր զբաղվածության, հագեցած գրաֆիկի եւ դրան զուգահեռ երջանիկ ընտանիք ունենալու մասին: Խոսելով այսօր նկարահանվող գեղարվեստական ֆիլմերից` Ավոն նկատել է, որ տարբեր ֆիլմերում կարելի է հանդիպել նույն կերպարներին:
-Ավո՛, թատրոնում հիմա ի՞նչ զբաղվածություն ունեք: Գիտենք, որ պատրաստվում եք շրջագայությունների մեկնել. կպատմե՞ք:
-2001-ից մինչ օրս խաղում եմ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, ընդգրկված եմ խաղացանկային ներկայացումներում: Ինչպես գիտեք, խաղում եմ նաեւ «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում` Նարեկ Դուրյանի թատերախմբում, որտեղ կերտում եմ Սողոմոն Թեհլերյանի կերպարը: Վերջերս մենք խմբով եղանք Բեյրութում, պատրաստվում ենք շրջագայել նաեւ Իրանում: Բացի այդ` Ֆրիդա Յորքը մշակել եւ բեմադրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի պատմվածքը` «Երկնագույն շան աչքերը», որտեղ եւս ընդգրկված եմ. խաղում ենք երկուսով:
-Իսկ, ահա, երգարվեստից, կարծես, հեռացել եք…
-Երգարվեստից հեռացել եմ ու կարծում եմ` անվերադարձ: Եթե, օրինակ, բեմադրվեն մյուզիքլներ, մեծ սիրով կմասնակցեմ դրանց: Բայց էստրադա, ալբոմներ, տեսահոլովակներ… Չեմ ուզում. պարզապես ինձ այդտեղ այլեւս չեմ տեսնում: Սկզբում փորձում էի տեսնել, բայց հիմա, այլեւս ոչ: Երգչին այսօր ճանաչում են, օրինակ, ռեստորաններից, այնտեղ հնչող երգերի ժանրն էլ ինձ հոգեհարազատ չէ:
-Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու հրավերներ ստանո՞ւմ եք:
-Վերջերս ունեցա նման մի առաջարկ, բայց չկարողացա ընդունել, քանի որ երկար ժամանակով բացակայեցի երկրից. կնոջս` Նունե Եսայանի հետ ճամփորդում էի Միացյալ Նահանգներում, մենք եղանք 5 նահանգներում. նա այնտեղ հանդես էր գալիս մենահամերգներով: Առաջարկներ, առհասարակ, շատ են լինում, բայց, օրինակ, չէի ուզենա մասնակից լինել երկար սերիալներին, որոնք, թվում է, անվերջ են: Իսկ, ընդհանրապես, նկատում եմ, որ ֆիլմերում անընդհատ աշխատում են նույն ռեժիսորներն ու նույն դերասանները: Նույն կերպարներին մենք տեսնում ենք տարբեր ֆիլմերում… Մեկ էլ` բոլորը կա՛մ գողական են խաղում, կա՛մ դեբիլ. ինչո՞ւ, չես հասկանում: Իրենք այդպես են կերտում կերպարը, այսպես ասած, ծիծաղ են պարգեւում:
-Որքանով հասկացա, երբեմն ամուսիններով ստիպված եք լինում տանից երկար ժամանակով բացակայել: Դժվար չէ՞ նման կենսակերպով ապրելը, հատկապես, որ երկու փոքրիկ երեխա ունեք…
-Այդ ընթացքում մենք անընդհատ կարոտում ենք մեր տունը, երեխաներին, ընկերներին, մեր Երեւանը: Արդեն այնքան ենք շրջագայել, որ երբ մեկնում ենք մի երկիր, միայն առաջին մի քանի օրերին ենք ուրախ լինում, մեկ շաբաթ հետո արդեն չենք ուզում այնտեղ մնալ, ուզում ենք շուտ տուն գալ: Այդ ընթացքում բալիկներս մնում են իմ կամ Նունեի ծնողների, հարազատների մոտ:
-Իսկ ընտանիքի հոր համար դժվար չէ՞ միայն թատրոնում աշխատելով՝ ֆինանսական խնդիրները լուծել:
-Ես նաեւ հեռուստատեսությունում եմ աշխատում, կադրից դուրս աշխատանք եմ անում: Բացի այդ` երրորդ գործ էլ ունեմ. ընկերոջս հետ զուգահեռաբար փոքրիկ բիզնես ենք անում:
-Գերլարված գրաֆիկով աշխատելով` արտիստները հաճախ ժամանակ չեն գտնում սեփական ընտանիքի համար: Ձեր դեպքում վիճակն ինչպիսի՞ն է:
-Մենք Նունեի եւ երեխաների հետ շատ երջանիկ ենք, կարեւորը, որ սերը մեկս մյուսիս հանդեպ չի մարել… Սերը, հավատը… Ամեն ինչ գերազանց է:
-Որոշ ժամանակ առաջ համացանցում շրջանառվում էին Նունե Եսայանի վերջին լուսանկարներից, որտեղ նա, օգտատերերի խոսքով, փոքր-ինչ նիհարած էր եւ հյուծված: Օգտատերերից ոմանք դրանք մեկնաբանել էին` գրելով, թե. «Ավոն Նունեին պետք է լավ նայի»… Ի՞նչ կասեք անհանգստացած երկրպագուներին:
-Նունեին ես այլ կերպ, այսինքն` ոչ նիհար, չեմ հիշում, նույնն էլ` ինձ: Մենք շատ ուտող չենք, անընդհատ աշխատում ենք, շարժի մեջ ենք եւ մենք մեզ լավ ենք զգում այդպես նիհար: Այդտեղ ոչ մի վախենալու բան չկա, այդ նիհարությունը թող չշեղի մարդկանց: Ամեն բան կարգին է:
«ՄՆԱՅՈՒՆ ԳՈՐԾԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ»
Երգահան Մանե Հակոբյանը չի սիրում խոսել իր եւ իր կատարած աշխատանքի մասին: Նա, ինչպես ինքն է նշում, նախընտրում է ապրել «կուլիսային» կյանքով: Եվ, այնուամենայնիվ, իր քրոջ` երգչուհի Սիլվա Հակոբյանի գրանցած հաջողությունների հարցում նշանակալի դեր ունի նաեւ երգահան քույրիկը: Մանե Հակոբյանի հեղինակած վերջին թարմ գործերից են Սիլվա Հակոբյանի կատարմամբ «Երջանիկ եմ» երգը եւ «Քարե դարդ» սիթքոմի սաունդթրեքի երաժշտությունը: «Մենք ունենք երգեր, որոնք արդեն պատրաստ են, օրինակ, մի աշխույժ, պարային տրամադրությամբ երգ կա, որի հիման վրա տեսահոլովակի նկարահանումը պահանջում է տաք եղանակ, ուստի սպասում ենք, որպեսզի այն ներկայացնենք արդեն հաջորդ տարի»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Մանեն:
Մեր այն հարցին, թե կա արդյոք հատուկ մի թեմա, որին երգահանը ցանկանում է անդրադառնալ, վերջինս պատասխանեց. «Առհասարակ, այն, ինչ արվում էր տարիներ առաջ, շատ ավելի հետաքրքիր էր եւ մնայուն: Իսկ հիմա ինֆորմացիոն դաշտն այնքան մեծ է, որ ամեն ինչ դարձել է մեկ օրվա կամ մեկ ժամվա քննարկման առարկա: Ինձ համար հեշտ է աշխատել հայ աստղերի հետ, քանի որ բոլորի հետ շփում ունեմ, նրանց հետ նույն ճանապարհն ենք անցել, սակայն այսօր պահանջներն են փոխվել: Ուզում ես հասկանալ` ի՞նչ են իրենք ուզում, հասարակությու՞նն ինչ է ուզում, կամ մե՞նք ինչ ենք ուզում… Չգիտեմ… Հարցականները մի տեսակ շատ են, պետք է գտնել այս հարցերի պատասխանները»:
Մեր դիտարկմանը, թե այսօր երգիչները երբեմն վախենում են հետաքրքիր իմպրովիզներից, Մանեն հակադարձեց. «Դա վախ չի, ավելի ճիշտ` նրանք ավելի անտարբեր են դարձել, ուստի մնայուն գործեր ստեղծելու տեսլականը մնացել է սարերի ետեւում»:
Մենք նաեւ հարցրինք` Մանեն իրենց ասպարեզին առնչվող խորհուրդներ տալի՞ս է Սիլվային. «Սիլվայի հետ մինչեւ կյանքիս վերջ համագործակցելու եմ: Իսկ ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա նրա հետ է մեր ամբողջ ընտանիքը, իսկ վերջին խոսքը մեր պրոդյուսեր-հայրիկինն է: Ես մենակ ոչինչ չեմ անում: Ես մենակ` առանց Սիլվայի ու Էդգարի (նկատի ունի եղբորը` գործիքավորող Էդգար Հակոբյանին-հեղ.) չկամ: Մենք լրացնում ենք մեկս մյուսին»,-նշեց երգահանը:
Նրա խոսքով` մինչեւ իր երեխաների ծնունդը իրենք շրջագայությունների մեկնում էին ամբողջ ընտանիքով, բայց հիմա արդեն Մանեի համար երկրից բացակայելը դժվարացել է. «Երեխաներիս մեծացնեմ, որ նրանք էլ միանան մեր խմբին»,-ծիծաղելով եզրափակեց Մանեն:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՎՏԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԵՆՔ
«Եվրոպա նոստրա» եվրոպական ժառանգության առաջատար կազմակերպությունը եւ «Եվրոպական ներդրումային բանկ» ինստիտուտը դեկտեմբերի 11-ին հայտարարել են 14 հուշարձանների եւ տեսարժան վայրերի ցանկը` 2016 թվականի «7 առավել վտանգված» հուշարձանների ծրագրում ընդգրկելու համար՝ տարբեր ոլորտների միջազգային փորձագետների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»¬ին տեղեկացրել են ԵՄ հայաստանյան գրասենյակից, առավել վտանգված տեսարժան վայրերը 14 եվրոպական երկրներից են՝ արդարադատության պալատը Բրուսելում՝ Բելգիա, Ամրոց Դիվիցում՝ Գերմանիա, Փաթառեյ ծովային բերդը Տալինում՝ Էստոնիա, Հասանքեյֆ հնագույն քաղաքը եւ շրջակայքը՝ Թուրքիա, Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրա՝ Իսպանիա, Վենետիկյան ծովածոցը՝ Իտալիա, Երերույք հնագիտական հուշարձանը եւ Անի¬Պեմզա գյուղը՝ Հայաստան, Կամպոս Հիոսը՝ Հունաստան, Մեյվիսբենկ Հաուզ, Էդինբուրգի մոտ՝ Միացյալ Թագավորություն, Ռեյսվեկ ամրոցը՝ Նիդերլանդներ, Ուայ¬բլոկը Օսլոյում՝ Նորվեգիա, Վալֆլորես պալատն ու կալվածքը Լիսաբոնի շրջակայքում՝ Պորտուգալիա, Հելսինկի¬Մալմի օդանավակայան՝ Ֆինլանդիա եւ Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում՝ Ֆրանսիա: 7 հուշարձանների վերաբերյալ վերջնական ցանկը կներկայացվի Վենետիկում մարտի 16¬ին կայանալիք հրապարակային միջոցառմանը:
ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՈՒՄ
Ռուսաստանցի հանրահայտ ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան կշարունակի իր հայտնի «Գարդեմարիններ» ֆիլմաշարի նկարահանումները: Ինչպես հայտնում է Tert.am-ը` հղում անելով «Ռոսսիյսկայա գազետա»-ին, գլխավոր դերում հայկական արմատներով դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանն է: Սպասվում է նաեւ Քրիստինա Օրբակայտեի, Դիմա Բիլանի մասնակցությունը: Սցենարը պատրաստ է, հայտնի է, որ նկարահանումներն անցնելու են հիմնականում Ղրիմում:
Սերիալի նոր սեզոնում, սակայն, գործողությունները կծավալվեն 1787-1791 թթ. ռուս-թուրքական պատերազմի ֆոնին, որի ժամանակ թուրքերը ցանկանում էին վերադարձնել Ռուսաստանին անցած Ղրիմը: Հիշեցնենք, որ «Գարդեմարինների» նախորդ երեք մասերը թողարկվել էին 1988-ին, 1991-ին, 1992-ին:
ԼԱԶԱՐԵՎԸ` «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ
«Եվրատեսիլ 2016»-ում Ռուսաստանին կներկայացնի Սերգեյ Լազարեւը, հայտնում է Super-ը: «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արժանավայել ներկայացնեմ մեր երկիրը այս մրցույթում»,- ասել է երգիչը։ Նրա խսքով` այդ որոշումը կայացրել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության խորհուրդը: Հիշեցնենք, որ հաջորդ «Եվրատեսիլը» կկայանա մայիսին, Սթոքհոլմում։