«ՓԵԹԱԿ»-Ը ԵՎ «ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ն՝ «ՀՐԱԶԴԱՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՃԱԿԱՏԱԳՐՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների վաճառողները դժգոհում են տաղավարների վարձավճարների չափերից: Նրանք պատրաստվում են լքել իրենց ներկայիս աշխատավայրն ու տեղ գտնել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ում, որտեղ որոշ ժամանակ տաղավարները անվճար են տրվելու: Այս տեղեկությունների հետքերով «Ժողովուրդ»-ը եղավ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոններում:

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի հարեւանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսվել՝ լրացուցիչ վաճառակետեր կառուցելու համար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երեւանի «Փեթակ» եւ «Սուրմալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաեւ Գնունիի շուկայի աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, եւ նորակառույց հատվածում լինելու են մոտ 500 առեւտրականներ, ովքեր հիմնականում վաճառելու են տնտեսական, շինարարական ապրանքներ: Իսկ թե կոնկրետ որ առեւտրի կենտրոնների առեւտրականներն են այնտեղ տեղափոխվելու եւ իրենց ապրանքներն իրացնելու, այդ մասին մամլո խոսնակը չէր հայտնել:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը չի դադարում բազմաթիվ բողոքներ ստանալ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների առեւտրականներից, ովքեր դժգոհում են, որ տաղավարների վարձավճարները բարձր են: Ավելին՝ նրանք վարձավճարները նվազեցնելու պահանջով դիմել են առեւտրի կենտրոնի տնօրինությանը, սակայն անարձագանք: Արդյունքում հուսահատված առեւտրականները պատրաստվում են վաճառքի կետ գտնել «Առինջ մոլ»-ում, որտեղ ըստ որոշ տեղեկությունների՝ տաղավարները մի որոշ ժամանակ անվճար են լինելու:
Այս կապակցությամբ «Սուրմալու» առեւտրի կենտրոն այցելած «Ժողովուրդ»-ին կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանն ասաց հետեւյալը. «Այդ խոսակցությունները սուտ են, շուկան նորմալ աշխատում է: Ավելին՝ դեռ գրանցված մարդիկ կան, ովքեր սպասում են տեղ ազատվելուն: Մենք դեռ տեղեր ունենք ավելացնելու»: Նրա պնդմամբ՝ տաղավարների համար սահմանված գները շատ նորմալ են:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում առեւտրականները նշեցին, որ իրենք դժգոհ չեն տաղավարների վարձավճարների չափերից: Ինչը տարօրինակ էր` նկատի առնելով մեր ստացած բազմաթիվ բողոքները: Եվ, այնուամենայնիվ, աեւտրականներից Նաիրան նշեց հետեւյալը. «Բացման օրից մենք այստեղ ենք ու ոչ մի տեսակի դժգոհություն չունենք: Ես մտադրություն չունեմ այստեղից գնալու»: Մյուս առեւտրականների խոսքերով էլ` խնդիրը միայն գնողունակության անկումն է. «Ինչքան գնում է, մարդկանց վիճակը վատանում է: Առեւտուր չկա»: Իսկ, ահա, 27-ամյա Արմենը, ով 6 տարի է, ինչ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում առեւտրական է աշխատում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ ինչքան էլ մարդիկ գնան «Առինջ մոլ» առեւտրի կենտրոն, միեւնույն է՝ վերջում նրանք նորից գալու են «Սուրմալու»: «Մենք սրանով ենք ընտանիք պահում: Եթե վատ լիներ, այստեղ չէինք լինի: Մեր ժողովուրդը սիրում է ամեն մի նոր բացված առեւտրի կենտրոն գնալ, բայց միեւնույն է՝ այնքան ման կգան, որ նորից հետ կգան այստեղ: Այնպես է, որ այս առեւտրի կենտրոնը միշտ էլ աշխատել է»,- հայտարարեց Արմենը: Ի դեպ, առեւտրականները պատմեցին, որ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին իրենք գրեթե գնորդներ չեն ունենում, որովհետեւ նշված օրերին մարդիկ հաճախում են «Առինջ մոլ» առեւտրի կենտրոն: Նշենք, որ առեւտրականներ կային, ովքեր վաճառքի կետեր ունեն ե՛ւ «Առինջ մոլ»-ում, ե՛ւ «Սուրմալու»-ում:
Իսկ, ահա, առեւտրի կենտրոնի ներկայացուցիչ Վարդան Մանուկյանի խոսքերով՝ նախորդ ամիսների հետ համեմատ այս օրերին առեւտուրը մի փոքր ակտիվացել է: «Բայց միեւնույն է՝ նախորդ տարիների շարժը չկա: Առեւտուրը շատ է նստել: Հավանաբար պատճառը ե՛ւ ժողովրդի, ե՛ւ գումարի բացակայությունն է»,- լրացրեց Մանուկյանը: Զրույցի ավարտին նա հայտնեց, որ տաղավարների վարձավճարների չափը համաձայնեցնում է առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զախարյանի հետ:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ին դժգոհած առեւտրականների մի մասը աշխատում է «Փեթակ» առեւտրի կենտրոնում, որտեղից, ըստ մեր տեղեկությունների, հիմնականում տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող առեւտրականներն են հեռանում: Եւ բոլորովին վերջերս նրանց մի մասը տաղավարների վարձավճարները նվազեցնելու պահանջով դիմել է առեւտրի կենտրոնի սեփականատեր Վարուժան Գրիգորյանին, ով ՀՀ նախագահի նստավայրի գործերով կառավարիչն է: Նրանք վերջինիս զգուշացրել են զիջել, հակառակ դեպքում կհեռանան «Փեթակ»-ից: Սակայն Գրիգորյանը նրանց պատասխանել է, թե՝ ինչ ուզեն, այն էլ կարող են անել: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Վարուժան Գրիգորյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, որ առեւտրի կենտրոնի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Տարածքը իմ եղբորն է, բայց աշխատեցնում է մեկ այլ կազմակերպություն»:
Հ. Գ. Նշենք, որ երբ armlur.am լրատվականը փորձեց նկարահանումներ իրականացնել «Փեթակ» առեւտրի կենտրոնում, տնօրինությունը թույլ չտվեց: Այնպիսի տպավորություն էր, որ «Փեթակը» ռազմական նշանակության օբյեկտ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ
Եգիպտական հետաքննությունը հայտարարել է փաստարկների բացակայության մասին, որոնք մատնացույց են անում, որ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին ռուսական A321-ը կործանվել է ահաբեկչության պատճառով:
Ավելի վաղ Կահիրեում հայտնել էին ինքնաթիռի կործանման հարցով նախնական զեկույցի նախապատրաստման ավարտի մասին: «Տեխնիկական քննչական կոմիտեն դեռեւս ոչ մի ապացույց չի գտել, որը մատնացույց կանի ինքնաթիռում անօրինական ներխուժմանը կամ ահաբեկչական գործողությանը»,-ասվում է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարության հայտարարության մեջ: Նոյեմբերի 17-ին ՌԴ ԱԴԾ-ն հաստատել էր, որ ինքնաթիռում ահաբեկչություն է իրականացվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը կործանվեց Եգիպտոսում` Սինայի թերակղզում, որի հետեւանքով 224 մարդ զոհվեց:

 

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ
Գամբիայի նախագահ Յիյա Ջամմեն դեկտեմբերի 13-ին երկիրը հայտարարել է իսլամական հանրապետություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: «Այսօրվանից Գամբիան իսլամական հանրապետություն է: Մենք կդառնանք իսլամական պետություն, որը կհարգի իր քաղաքացիների իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ: Երկրում, որը մինչեւ 1965թ. բրիտանական գաղութ էր համարվում, 1,9 մլն բնակիչների մոտ 90%-ը իսլամ է դավանում:
Ավելացնենք, որ աշխարհում ներկայիս դրությամբ գոյություն ունի 4 իսլամական հանրապետություն՝ Իրանը, Պակիստանը, Աֆղանստանն ու Մավրիտանիան:

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ռուսական ռազմական տեսուչները կսկսեն դիտորդական թռիչքները Թուրքիայի երկնքում՝ բաց երկնքի համաձայնագրի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տարածած հայտարարությանը:
Ռուսական Ան-30Բ ռազմական ինքնաթիռը դիտորդական թռիչք կիրականացնի դեկտեմբերի 14-18-ը: Գործակալությունը պարզաբանում է, որ դիտորդական թռիչքը կիրականացվի Էրզրում օդանավակայանից՝ մինչեւ 1500 կմ առավելագույն հեռավորությամբ: Բաց երկնքի համաձայնագիրն ընդունվել է 1992թ. ԵԱՀԿ 27 մասնակից պետությունների կողմից Հելսինկիում: Ռուսաստանը վավերացրել է համաձայնագիրը 2001թ. մայիսի 26-ին:

 

 
38 ԵՐԵԽԱ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Դաունի համախտանիշով եւ այլ գենետիկական արատներով առնվազն 38 երեխա մահապատժի է ենթարկվել «Իսլամական պետության» զինյալների կողմից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսլամական դատարանը հայտնել է երեխաներին մահապատժի ենթարկելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ երեխաներին թույն են ներարկել կամ խեղդել են: Հրապարակված տեղեկության համաձայն՝ երեխաների մեծ մասը իսլամիստների շարքերը համալրած օտարերկրացի զինյալների երեխաներն են, ինչպես նաեւ՝ տեղի կանանց երեխաները: Մահապաժի ենթարկված երեխաներից ամենամեծը 3 ամսական է, ամենափոքրը՝ ընդամենը 1 շաբաթական: Մահապատիժն իրականացվել է Սիրիայում եւ իրաքյան Մոսուլ քաղաքում:

 

ՊԱՐՏՔՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
2015թ. ՀՀ-ից ՌԴ է արտահանվել 68-70 հազար տոննա միրգ ու բանջարեղեն, որոնցից 10 հազարը՝ խաղող: Այս մասին հայտնել է Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ում խոսքով գյուղատնտեսական տարին հաջող է եղել ՀՀ-ում, բայց գյուղացին չի կարողացել իրացնել իր ամբողջ բերքը: «Ընդհանուր առմամբ Հայաստանը կարող է մինչեւ 150 հազար տոննա գյուղատնտեսական ապրանք արտահանել: Հաշվի առնելով այս չափանիշները՝ ես կարծում եմ, որ եկել է նոր տնտեսական քաղաքականություն մշակելու ժամանակը: Սա այսօրվա հրամայականն է»,-շեշտել է Վ. Սաֆարյանը: Նա ողջունել է ՀՀ Կառավարության որոշումը՝ սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու մասին: «Սակայն պետք չէ մոռանալ, որ Հայաստանի արտաքին պարտքն աստիճանաբար ավելանում է, ու այդ կապակցությամբ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել»,- հավելել է միության նախագահը:




Լրահոս