Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է «1+1» հեռուստաալիքի եթերում. փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Դատական հայց ներկայացնելու պատճառ են դարձել կոռուպցիայի մեջ մեղադրանքները:
«Ես դատական հայց եմ ներկայացրել պարոն Սաակաշվիլիի դեմ: Երբ դու ասում ես, որ մարդը գող է, ապա պատասխան տուր»,-հայտարարել է Ավակովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ևս պատրաստ է դատական հայց ներկայացնել Սաակաշվիլիի դեմ:
Ավակովի և Սաակաշվիլիի միջև սկանդալային վեճը բռնկվեց դեկտեմբերի 14-ին բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ընթացքում: Ի պատասխան Սաակաշվիլիի մեղադրանքների՝ Ավակովը նրա երեսին ջուր է լցրել: Ավելի ուշ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ավակովն ու Յացենյուկը պահանջել են, որ ինքը հեռանա երկրից: Նրա խոսքով՝ Ավակովի պահվածքը ոչ արժանավայել և սադրիչ է եղել: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանել է Սաակաշվիլիին՝ անթույլատրելի անվանելով մեղադրանքներն ու հայհոյանքները, ինչպես նաև երկրից հեռանալու առաջարկները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան