ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն” հիմնադրամի /ԱՓՇԱՏԿ/ հոգեբարձուների խորհրդի հերթական` 23-րդ նիստը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր հիմնադրամի խորհրդի նախագահի ընտրությանը:
Վերոնշյալ պաշտոնում առաջադրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանի թեկնածությունը` հաշվի առնելով ԱՓՇԱՏԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները` բարձրագույն կրթության ոլորտը և դրա բարեփոխումները, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի լիարժեք ինտեգրումը: Խորհրդի օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Բոլոնիայի քարտուղարության համար տրամադրված գույքի հետագա տնօրինմանը: Այս կապակցությամբ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԱՓՇԱՏԿ-ը մեծ ներդրում է ունեցել մեր երկրի` Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության ստանձնման աշխատանքներում:
«Բոլոնիայի քարտուղարությունը բավական բարձր է գնահատել Հայաստանի` նախորդ երեք տարիներին քարտուղարության ղեկավարման աշխատանքները և աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, որի ապացույցն է քարտուղարության ղեկավարությունը ստանձնած Ֆրանսիայից ստացված հրավերը ԱՓՇԱՏԿ-ի տնօրեն Գայանե Հարությունյանին` առաջիկա երեք տարիներին աշխատել Բոլոնիայի քարտուղարության կազմում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի ներգրավված լինել եվրոպական բարձրագույն կթական տարածքի համակարգման գործընթացներում»,-նշել է Արմեն Աշոտյանը: Խորհրդի օրակարգի երրորդ հարցը վերաբերել է «ՀՀ կրթական համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացում» ծրագրի նախագծի ներկայացմանը: Արմեն Աշոտյանի խոսքով` ծրագրի նպատակն է ՀՀ բարձրագույն կրթական համակարգի և ՀՀ բուհերի միջազգայնացումը, դրանց որակի բարձրացումը, այլ տարածաշրջաներում ՀՀ կրթական համակարգի ազդեցության մեծացումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել ՀՀ բուհերի մասնակցությունը միջազգային կրթական ցուցահանդեսներին:
“Ներկայիս դարաշրջանում կրթական մշակույթի մի մաս է տվյալ երկրի կրթական նվաճումները միջազգային հարթակներում ներկայացնելը, որոնք դառնում են կրթական ծառայությունների հանրայնացման, տեղեկացվածության մակարդակի բարձրացման լավագույն գործիքները: Այս ընթացքում Հայաստանը` որպես առանձին երկիր, կրթական տաղավար չի ունեցել. աշխարհի ամենախոշոր կրթական ցուցահանդեսներին մասնակցել են առանձին բուհեր: Ժամանակն է, որ մեր երկրի լավագույն կրթական ծրագրերի մասին իմանան նաև դրսում: Վստահաբար, Հայաստանն ունի այնպիսի հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնք կարող են հավուր պատշաճի ներկայացվել միջազգային հարթակներում, օրինակ` Դիլիջանի միջազգային դպրոցը, “Շախմատը դպրոցում” ծրագիրը և այլն: Բացի այդ, ներկայիս միջազգայնացման միտումների մեջ կարևորվում է օտարերկրյա ուսանողների համար գովազդային, տեղեկատվական հնարավորությունների ստեղծումը և նպատակային ցուցահանդեսների անցկացումը հատկապես այն երկրներում, որտեղից ՀՀ բուհերում սովորել ցանկացող օտարերկրյա ուսանողների թիվը մեծ է”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ցանկալի է տարվա կտրվածքով ընտրել 2 տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներ /օրինակ, Կենտրոնական Ասիան, ԱՊՀ կամ Եվրոպա/, որոնք նպատակահարմար կլինեն մասնակից երկրների կազմով և կհամապատասխանեն նախանշված բյուջենին: Նման խոշոր ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության հարցը կհամակարգի ԱՓՇԱՏԿ-ը:
ԱՓՇԱՏԿ-ի հոգեբարձուների խորհրդի նիստին քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: