Սույն թվականի դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի պաշտոնական մեկնարկը։ Մրցույթի նպատակն է խրախուսել գիտնականներին և ծրագրավորողներին, օգտագործելով ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր ու հավելվածներ։
Ասուլիսի բանախոսներն էին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը, Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբ ծրագրի համակարգող Շուշանիկ Վարդանյանը։
«Բազմիցս եմ նշել, որ մեր պետությունը ունի հզոր և խելացի երիտասարդ մասնագետներ, ովքեր գիտակցում են, որ Տեղեկատվական Տեխնոլոգիաները մեր ապագան են։ Այսօրվա մրցույթի նպատակն է բացահայտել այս երիտասարդներից շատերին և ներգրավել նրանց Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված մի շարք նախագծերում։ Ակնկալում ենք յուրահատուկ, մի փոքր էլ «տարօրինակ», հետաքրքիր գաղափարների և նախագծերի ներկայացում», – ասեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։
Ինչպես նշեցին կազմակերպիչները մրցույթի ընթացքում գնահատվում են գիտական գաղափարի յուրահատկությունը, ինչպես նաև անհատի կամ թիմի գաղափարի իրականացման ձևը, ներկայացումը: Կազմակերպիչները առանձնահատուկ ուշադրություն են դարձրնելու կրթական, առողջապահական, ռազմական ոլորտներում, արտակարգ իրավիճակներում վիրտուալ իրականության կիրառությանն ուղված գաղափարների, ծրագրերի և հավելվածների մշակմանը։
««Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը կարևորում է նմանատիպ նախագծերի կազմակերպումը երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ և մեծ ձգտում դրանք կյանքի կոչելու: Նմանատիպ հաջողված նախագծերից մեկն էլ Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբը», որտեղ ներգրավված են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ, ներկայացվում են նոր գաղափարներ և ծրագրեր, ձևավորվում են աշխատանքային խմբեր և ստեղծվում են սկսնակ ընկերություններ (ստարտափեր)։ Այս մրցույթի արդյունքում մենք ակնկալում ենք տեսնել խելացի, բանիմաց, նորարական գաղափարներով և լուծումներով երիտասարդներ ու թիմեր», – նշեց «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանը։
Մրցույթի ընթացքում մշակված լավագույն կրթական հավելվածները կընդգրկվեն «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում և «ԱրմՖոն» հեռախոսներում։ Մասնակիցներին սպասում է ևս մեկ անակնկալ․ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (թիմի ներկայացուցիչը) կմասնակցի 2017 թվականին տեղի ունենալիք երկու հայտնի և խոշոր միջազգային միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017» և «World Mobile Congress 2017»։
Մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 9-ին։