Կարուսելի դեպք՝ 5/27-ում. Ոստիկանները չեն միջամտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 5/27 ընտրատեղամասում iLur .am-ի արտահաստիքային լրագրող Հասմիկ Հրաչյանը “կարուսելի” դեպք է արձանագրել: “Մի տարեց կին եկավ ընտրատեղամաս եւ հայտնեց, որ առանց թոռան օգնության չի կարող քվեարկել: Քանի որ “թոռը” եկավ առանց անձնագրի, նրան թույլ չտվեցին օգնել կնոջը՝ քվեարկելու”, – պատմեց Հասմիկը: Լրագրողը պատրաստակամություն է հայտնել օգնել տիկնոջը, եւ երբ մոտեցել է քվեախցին, տեսել է, որ կինը, որը դեռ գրիչ չէր վերցրել, կանգնած է ներսում, ձեռքին՝ արդեն լրացրած քվեաթերթիկը:  Հասմիկը հասցրել է նկատել, որ նշումն արված էր ՀՀԿ-ի օգտին:
“Մինչ ես բացատրում էի հանձնաժողովի անդամներին, թե ինչ է կատարվում, կինը հեռացավ”, – պատմում է լրագրողը: Նրա խոսքով՝ հանձնաժողովի անդամներից ոմանք մեղադրում էին իրեն, թե ինչու չի խուզարկել տիկնոջ գրպանները: “Դրանից մի քանի րոպե առաջ, երբ ես մի երիտասարդից պահանջում էի դուրս գալ տեղամասից, հանձնաժողովականները ասում էին, թե իրավունք չունեմ միջամտել: Բայց այս դեպքում նրանք զարմանում են, թե ես ինչու չեմ մտել այդ կնոջ գրպանները կամ ստուգել անձնագիրը”, – ասաց լրագրողը:
Հանձնաժողովի նախագահ Գալյա Ղահրամանյանի ներկայացմամբ՝ տարեց կինը իրեն ասել է, թե սեփական ձեռքով է նշում կատարել քվեաթերթիկում (հիշեցնենք, որ տիկինը մինչ այդ կանչել էր “թոռանը”՝ օգնելու): “Ես հիմա չեմ կարող ասել, լրագրողի ասածն է ճիշտ, թե այդ կնոջ”, – ասաց տիկին Ղահրամանյանը:
Հանձնաժողովի անդամ Անահիտ Մեսրոպյանի (ՀԱԿ) պնդմամբ՝ հանձնաժողովի գրանցամատյանում համապատասխան արձանագրություն կազմվեց: Տիկին Մեսրոպյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն:
Քվեարկված թերթիկը մարվել է:
Հասմիկ Հրաչյանը պատմեց նաեւ, որ երբ մի երիտասարդի, որը առանց լիազորագրի գտնվում էր տեղամասում, խնդրել է լքել տեղամասի տարածքը, երիտասարդը սպառնացել է՝ “խելոք մնա, թե չէ կտամ գլուխդ կջարդեմ”: Հասմիկի խոսքով՝ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները որեւէ կերպ չեն արձագանքում այս ամենին, ավելին, ոստիկանները հաճախ մտերմիկ զրույցի են բռնվում ՀՀԿ վստահված անձանց եւ տարածքում գտնվող ,անհայտ ծագմանե երիտասարդների հետ: 




Լրահոս