Հայաստանում այս տարի մահացության թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականին 2013-ի համեմատ ՀՀ-ում մահացածների թիվը 518-ով ավելացել է: Այս մտահոգիչ ցուցանիշում տեսակարար կշիռ է կազմել նորագոյացություններից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածների թիվը: ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Ըստ մասնագետի՝ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին բոլոր պատճառներից մահացածների թիվը կազմել է 27 հազար 714, որից 14 հազար 219-ը տղամարդ է, 13 հազար 495-ը՝ կին: Իսկ, ահա, 2013 թվականին բոլոր պատճառներից մահացածների թիվը եղել է 27 հազար 196 մարդ: Այսինքն՝ մահացածների թիվը նախորդ տարի 518-ով ավելացել է: 2014 թվականին ՀՀ-ում նորագոյացություններից մահացել է ընդամենը 5701 մարդ, չարորակ նորագոյացություններից՝ 5685: Ի դեպ, նորագոյացություններից մահացել է 3180 տղամարդ եւ 2521 կին: Էնդոկրին համակարգի հիվանդություններից 1238, դրանցից շաքարախտից՝ 1191: Իսկ, ահա, 2013 թվականին նորագոյացություններից մահացածների թիվը կազմել է 5608 մարդ՝ 3010 տղամարդ, 2598՝ կին:

Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թիվը կազմել է 13 հազար 268: Դրանցից հիպերտոնիկ հիվանդությունից մահացել է 623, սրտամկանի սուր կաթվածից՝ 2693 մարդ: Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թիվը 13 հազար 268 է, որից 6423-ը տղամարդ է, իսկ 6845-ը՝ կին: Նշենք, որ 2014 թվականին մարսողական օրգանների հիվանդություններից մահացել է 1644 մարդ, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 1862:

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ նորագոյացություններից եւ սիրտ անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը: «Այդ տենդենցը տարեցտարի շարունակվում է: Ողջ աշխարհում, մասնավորապես՝ Հայաստանում, աճ է տեղի ունենում»,- նկատեց Մկրտչյանը:

Մասնագետի համոզմամբ՝ պատճառը բազմաբնույթ գործոնների ազդեցությունն է՝ շրջակա միջավայրը, սնունդը, սթրեսը եւ այլն: «Նաեւ՝ բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի եւ պատճառների վրա: Այսինքն՝ մենք ծերացող հասարակություն ենք եւ ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք: Բացի այս, եթե փորձենք ուսումնասիրել տարիքասեռային առանձնահատկությունները, ապա կտեսնենք, որ երկրում հիմնականում մնացել են ծերերն ու երեխաները: Ժողովրդագրական ցուցանիշներն իրենց հերթին են ազդում շատ հիվանդությունների աճի վրա»,- ներկայացրեց Ա. Մկրտչյանը:

Մեր զրուցակիցն արձանագրեց, որ օնկոլոգիական եւ սիրտ-անոթային համակարագի հիվանդությունների աճը պետք է դիտարկել սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համատեքստում:

«Կանխարգելել այդ հիվանդություններից վաղաժամ մահերը հնարավոր է միայն երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ճանապարհով: Առողջապահության նախարարության ներդրումը անմիջական ազդեցության առումով շատ փոքր է: Ազդել առողջապահության համակարգով եւ առօրյա գործունեությամբ, որ այդ ցուցանիշը նվազի, դժվար է»,- նկատեց մասնագետը: Նա ընդգծեց նաեւ, որ առողջապահական համակարգն իր բուժական ծառայություններով այդ ցուցանիշների նվազեցման չի կարող հասնել:

Սակայն նրա կարծիքով նվազեցման համար ԱՆ-ն մի կարեւորագույն խնդիր ունի. առողջապահական համակարգը այդ երկու հիվանդությունների ուղղությամբ պետք է քննարկի կանխարգելման ծրագրեր, կառավարության կողմից դրանք ընդունվեն եւ անընդհատ իրագործվեն ու վերահսկվեն:

«Սա ե՛ւ շրջակա միջավայրի բարելավումն է, ե՛ւ սնունդը, ե՛ւ սթրեսների կանխարգելումը, եւ այլն: Այսինքն՝ դրանք առողջապահության համակարգից դուրս խնդիրներ են, բայց չափ տվողը՝ դիրիժորը, պետք է լինի առողջապահության նախարարությունը: Դրա արդյունքերը կլինեն հեռահար. հնարավոր չէ այսօր ներդնել, վաղը արդյունքը ստանալ, բայց եթե ընդունվի նման մոտեցումը եւ իրագործվի, մենք այդ հիվանդություններից մոտ 5-7 տարվա ընթացքում մահացության ցուցանիշների բարելավում կարող ենք արձանագրել: Կառավարությունն այս ուղղությամբ պետք է աշխատի, որպեսզի այս ցուցանիշների վրա ազդեցություն ունենա»,- ընդգծեց մասնագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս