Օրեր առաջ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Համար 707» ներկայացման պրեմիերան. գլխավոր հերոսուհին դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:
«Ժողովուրդ»-ը դերասանուհուց հետաքրքրվեց ստացած արձագանքների մասին, ինչպես նաեւ այն նոր կերպարների, որոնցով Լուիզան ներկայացավ հանդիսատեսին: Ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործություններից մեկի հիման վրա բեմադրված ներկայացումն իր ձեւաչափով ոչ ստանդարտ է. մեկ ներկայացման մեջ միահյուսված են թատերական երեք ժանրեր` դրամա, տրագեդիա եւ կոմեդիա: Հանդիսատեսին մատուցվում է երեք սիրային պատմություն: Դրանցից մեկում, օրինակ, Լուիզան հանդես է գալիս սառը եւ չոր կերպարում. «Այդպիսի դաժան կնոջ կերպար չէի կերտել: Ես մարմնավորում եմ մի կնոջ, ով նախկին ամուսնու հետ չի կարողանում «կիսել» ամենաթանկը` երեխային: Այստեղ ներկայացված են հոգեբանական լուրջ, բայց նուրբ երկխոսություններ»,-պատմեց նա:
Իսկ, ահա, մյուս երկու պատմությունների շրջանակում Լուիզան ավելի շատ հայտնվում է հումորային ամենատարբեր իրավիճակներում: Սակայն դերասանուհին շեշտում է, որ ներկայացվող հումորը երբեք չի դառնում գռեհիկ. «Իմ կերպարը ստանալիս ես փորձում էի որոշ դրվագներ ներկայացնել իմ պատկերացմամբ, սակայն ռեժիսորը որոշ հղկումներ արեց, ասաց, որ մենք էժանագին հումորի միջոցով ծիծաղ կորզելու խնդիր չունենք»,-անկեղծացավ դերասանուհին:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք կան նոր նախագծեր, որոնցում Լուիզան ընդգրկված է եւ կներկայանա արդեն գալիք տարում. «Հեռուստատեսային նախագծերում` սիթքոմներում, սերիալներում, նկարահանվելու առաջարկ եմ ստացել, բայց մերժել եմ: Այս փուլում նախընտրում եմ դադար առնել, զբաղվել թատերական գործունեությամբ»,-ասաց նա:
Դերասանուհին սրտի թրթիռով է սպասում Ամանորին: Նա տոնը կնշի ընտանիքի հետ` արտերկրում` որեւէ լողափնյա երկրում, հավանաբար Միացյալ Էմիրություններում: «Ամանորն ինձ համար երբեք հոգս, բեռ չի եղել, ես հաճույք եմ ստանում ինչպես նախապատրաստական աշխատանքներից, այնպես էլ Նոր տարվա գիշերից, դրան հաջորդող օրերից: Ես չեմ ընկնում կարծրատիպային սովորույթների ետեւից, որոնք, սովորաբար, հոգեւոր բավարարվածություն չեն պատճառում»,-մեկնաբանեց նա:
Լուիզայի խոսքով` ինքը Նոր տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ակտիվ կերպով ներգրավվում է եփել-թափելու գործընթացի մեջ. «Մենք ունենք ընտանեկան ուտեստներ, որոնք անպայման պետք է լինեն ամանորյա սեղանին, օրինակ` պասուց դոլման եւ նրբաբլիթները: Իսկ, առհասարակ, ես մաքսիմալիստ չեմ եւ նախապատվությունը տալիս եմ ոչ ճոխ սեղանին»,-նշեց նա:
Ի դեպ, Լուիզան հավատում է Ամանորի հրաշքին, նրա համար Ձմեռ պապիկը բարձրյալն է, որի հետ դերասանուհին հաղորդակցվում է աղոթքների միջոցով: Դե, իսկ նրա 10-ամյա դուստրը մինչեւ հիմա էլ հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը, իսկ մայրիկը փորձում է անել հնարավորը, որ այդ հեքիաթը չավարտվի:
Աննա Բաբաջանյան