Մեր օրերում մարդիկ շատ պարզ բաներ չեն ցանկանում տեսնել, իսկ դրանք հետագայում բազում վատ բաների են հանգեցնելու: Ա՛յ օրինակ աշխարհի տարբեր ծայրերից բոլորը գնում են դեպի Ֆրանսիա՝ այնտեղ խաղաղություն տեսնելու ակնկալիքով: Սակայն Փարիզի նկատմամբ իրականացված ահաբեկչությունն իսլամական պետության զինյալների կողմից, արդեն իսկ հուշում է, որ սթափվելու, կյանքին բաց աչքերով նայելու և ամեն ինչից դաս քաղելու ժամանակն է:
Այս խոսքերի հեղինակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդական, Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն է:
ԼՂՀ ռազմական գործիչ, արցախյան շարժման մասնակից Արկադի Կարապետյանը վստահ է, որ բոլոր ժամանակներում մարդկության փրկության հույսը ընկերությունն է եղել, իսկ ահա՛ հայի դեպքում միակ հույսն ու ապավենը հենց ինքը հայն է. մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:
Հրամանատարը ցավով է արձանագրում, որ այսօր մարդիկ չունեն առաջնորդ, այնպիսի՛ առաջնորդ, ում հետ պատրաստ կլինեն դժվար ճանապարհներ հաղթահարել. չկա այնպիսի մեկը, ով մաքուր սրտով ընկճված և հուսալքված մարդկանց փրկության դուռը ցույց կտա:
Թվում է, թե պատերազմը շատ վատ երևույթ է, սակայն մարդիկ այդ տարիները սիրով են հիշում հենց միայն այն պատճառով, որ սրտացավություն, իսկական ընկերություն և դժվարությունները միասին հաղթահարելու կամք կար յուրաքանչյուր հայի մեջ: Ու հենց այս կարևոր արժեքների շնորհիվ էլ հաղթանակ տարանք:
Այսօր մարդկանց միասնության գաղափարն է պակասում, իսկ միասնություն ձեռք բերել միանշանակ հնարավոր է. և պետք չէ հայ ժողովրդին ժամանակից շուտ թաղել: Ինչպես ասում են՝ ձայն բազմաց, ձայն՝ Աստծո:
Արկադի Կարապետյանը հրադադարի պայմանագիրը հեքիաթ է համարում.արժեք չունեցող թղթի վրա հույս դնելը, նրա խորին համոզմամբ, միամտություն է. մեր միակ հույսը մենք պետք է լինենք:
Եվ, ի վերջո, պետք չէ մոռանալ, որ մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, իսկ զոհեր ունենալն այս պարագայում միանգամայն արդարացված է:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան