Ի՞նչ կապ ունի ՀՏ Հայկոն քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվողի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական քննությունը նոր հանգամանքներ է ջրի երես հանում: Ինչպես հայտնի է՝ վերջերս պարզ դարձավ, որ այս գործով որպես կարևոր վկա պետք է անցներ «Փոքր Մհեր» կրթահամալիր ՊՈԱԿ-ի շտաբի նախկին պետ, 38-ամյա Էդգար Միքայելյանը, ով սակայն ինքնասպան եղավ: Այս հանգամանքը գործով միակ մեղադրյալ Իսրայել Սարգսյանին անհանգստացնում է: Հիշեցնենք՝ նա դատական նիստերից մեկի ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ ինքը երաշխիքներ չունի, որ մյուս կարևոր վկաներին ևս ինքնասպանության չեն հասցնի:
Եվ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվող դատավարությանը վկայություն է տվել Հայկ Մարգարյանը, ով առավել հայտնի է ՀՏ Հայկո անունով:

Վերջինս դատարանին հայտնել է, որ իրեն պատկանող «90’s» փաբ-սրճարանում անվտանգությունն ապահովել են Իսրայել Սարգսյանի տնօրինած անվտանգության ծառայության աշխատակիցները: Ռեփ երգիչը նաև նշել է, որ իրեն ամեն օր երկուական աշխատակից է տրամադրել Կարատեի ֆեդերացիայից «ոմն Տիկո»:

Ամբաստանվող Իսրայել Սարգսյանի կողմից ներկայացրած որևէ հանգամանք, սակայն, ՀՏ Հայկոն, վաղեմության հանգամանքից ելնելով, մտաբերել չի կարողացել:

Այդուհանդերձ, Իսոն նշել է, որ ինքը եղել է Հայկ Մարգարյանի փաբ-սրճարանում, սակայն հանդիպել է միայն փաբի աշխատողների հետ:

Հիշեցնենք, որ սպանությունը, որի շրջանակներում կալանավորվել է Իսրայել Սարգսյանը, տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 27-ին, իսկ այս տարվա հունվարից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դատավարությունը: Այս գործով մինչ օրս առեղծված է մնում Մովսես Ներսիսյանի (Մոսո) հետ տեղի ունեցածը. նրա դին մինչ օրս չի հայտնաբերվել: Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Իսրայել Սարգսյանը կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը: Ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է հացագործությունը կատարողին` Մովսես Ներսիսյանին՝ այդ կերպ փորձելով թաքցնել հետքերը: Բացի այդ, նա, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք եւ կրել հրազեն ու դրանք պահել իր փաստացի բնակության վայրին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում:




Լրահոս