Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ամփոփել է 2015-ի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ ոլորտների, մանրամասն ներկայացրել է տարեկան կտրվածքով կատարված աշխատանքները, մասնավորապես սոցիալական ոլորտում` երիտասարդ ընտանիքների աջակցման, աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև անցնող տարում կատարված ծավալուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում ձևավորվել են 5 նոր լաբորատորիաներ և վերանորոգվել ու վերազինվել 15 լսարաններ, այդ թվում՝ դպրոցում և քոլեջում: ՃՇՀԱՀ-ի կողմից միջազգային համագործակցության դաշտում տարվող աշխատանքների հետ կապված էլ ռեկտորը առանձնակի կարևորել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանը վերջերս ստացավ 5 տարի ժամկետով միջազգային հավաստագիր:

«Այժմ աշխատանքներ են տարվում մասնագիտական` ծրագրային միջազգային հավատարմագրման ուղղությամբ», – նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորն ու, օգտվելով առիթից, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ համալսարանի զարգացմանը նպաստող քաղաքականությունը խրախուսելու համար: Գագիկ Գալստյանը նաև հավելել է, որ որդեգրելով պրակտիկ աշխատանքների ծավալի ավելացման քաղաքականություն՝ համալսարանը գալիք տարում ևս ձեռնամուխ է լինելու նոր լաբորատորիաների ստեղծմանը:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ խորհուրդը հավանության է արժանացրել կատարված աշխատանքներն ու հաստատել համալսարանի 2016 թվականի բյուջեն:
«Իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել, ինչի համար շնորհակալ ենք համալսարանի ողջ աշխատակազմին: Ու հաշվի առնելով, որ սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է, առիթն օգտագործելով շնորհավորում եմ համալսարանի ողջ աշխատակազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում եմ, որ 2016 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի», – նշել է Տարոն Մարգարյանը:




Լրահոս