Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վերջապես սկսվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ բոլոր դատական նիստերը հետաձգվել են պաշտպանական կողմի մեծ մասի բացակայության պատճառով:
Այսօրվա դատական նիստին պաշտպանները ներկայացրին դատախազ Հայկ Հարոյանի ինքնաբացարկի միջնորդությունները: Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը բավականին ծավալուն միջնորդություն ներկայացրեց` մասնավորապես նշելով, որ նախաքննական մարմինը դիակի փորձաքննությունը պատշաճ չի կատարել: Պաշտպանի խոսքով` քննիչը, ով փորձագետ չէ, խորհրդակցություն չի ունեցել համապատասխան մասնագետների հետ: Մասնավորապես, Արա Զաքարյանը նշում է, որ պարանոցի ճզմումը բութ առարկայի ազդեցությամբ չի կատարվել:
Իսկ մահվան վաղեմության հաշվարկները բացակայում են: Կատարվածը, ըստ Արա Զաքարյանի, բնորոշ է ինքնասպանության փորձի դեպքին:
Փաստաբաններից Հովիկ Արսենյանը դատարանում հայտարարեց, որ հանրության լայն շերտերին ուշադրությանն արժանացած գործն արդեն դատարանում է, իսկ գործը փաստի առթիվ չի հարուցվել: Բոլոր փաստաբանները միաբերան առաջ քաշեցին որպես ձերբակալված, ապա` կալանավորված իրենց պաշտպանյալներին տեսակցություններն արգելելու հանգամանքը:
Մովսեսի պաշտպանը` Անահիտ Հովհաննիսյանը, շեշտեց, որ նախաքննական մարմինը կանխակալ վերաբերմունք է դրսևորել իր պաշտպանյալի նկատմամբ, և դատախազը, նոտարի դեր կատարելով, քննիչի գրած ցանկացած տող հաստատել է:
«Հայրն ու մայրը պատերազմի մասնակիցներ են: Ինչպե՞ս կարող է նրանց երեխան նման քայլի դիմել: Տասը հատորում երերուն վկայություններ են` իրար հակասող»,-ասաց փաստաբանը:
Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց` միջնորդություննեը քննարկելու համար: